ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծում փոփոխման ենթակա բազմաթիվ դրույթներ կան, որոնց անդրադարձել է Yerevan.Today-ը: Հաղորդման հյուրը Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն էր: Նա ներկայացրել է ԹԻՀԿ առաջարկությունները, որոնք դուրս են մնացել նոր ընտրական օրենսգրքի նախագծից և այլ դրույթներ, որ հետընթաց են գործող օրենսգրքից: Ավելին, կան խիստ սահմանափակող դրույթներ կամ իրավակարգավորումներ: Հաղորդման ընթացքում անդրադարձել են այն դրույթին, որը սահմանում է քվեարկության սենյակում իրավունք ունեցող դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների թիվը: Ըստ Հերիքնազ Տիգրանյանի՝ շեմային սահմանափակում չպիտի լինի, որովհետև սրա հիմքում չկա կարիքի ճշգրիտ գնահատում: Այս նորմը ձևակերպվել է, երբ հանրաքվեի ընթացքում անաչառ և գրագետ դիտորդներն ամեն պահ նկատում էին տեղի ունեցող ընթացակարգային խախտումները և պահանջում դրանք վերացնել:

Դիտորդը պետք է ունենա իր կարծիքը գրանցամատյանում գրառելու պահանջի իրավունք: Նախագծով նաև արգելել են դիտորդին առաջարկություն և պահանջ ներկայացնել: Դիտորդն ընդամենը կարող է հարց տալ կամ ուշադրությունը հրավիրել խախտումների դեպքում: Բայց չի կարող պահանջել, օրինակ լցոնման դեպքում, որ լցոնողի ձեռքը բռնեն:

Այլ հետընթաց էր նաև այն, որ թույլ չեն տալիս, որ Հայասատանում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները մասնակցեն դիտորդությանը: Նպատակը մեր ընտրական գործընթացները նրանց աչքից հեռու պահելն է: