Ս.թ. մարտի 16-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը բանախոսել է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից կազմակերպված «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով երրորդ քննարկմանը, որը տեղի է ունեցել Գյումրիում: Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ներառական չեն, անտեսելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի առաջարկությունները, որի արդյունքում քաղաքացիական հասարակությանը հրամցվել է ընթացակարգային խախտումներով մշակված նախագիծ: Այն չի անցել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված հանրային քննարկում և կարգավորման ազդեցության գնահատում:

Հերիքնազ Տիգրանյանը խոսել է այն իրավակարգավորումների մասին, որ կարող են գործնականում խառնաշփոթ առաջացնել: Նա անդրադարձել է բողոքարկման ինստիտուտին, քվեարկության կարգին, էլեկտրոնային գրանցմանը, քվեարկության կտրոնին, որն անձը ստանում է էլեկտրոնային գրանցումից հետո, քվեածրարը դակելուն։ Գրանցման էլեկտրոնային համակարգը չի կանխում կրկնաքվեարկությունները, քանի որ տեղամասերը փոխկապակցված չեն մեկ ցանցով, և ընտրողը կարող է քվեարկել այլ տարածքի տեղամասում ևս։ Կարգավորված չէ նույն անձի՝ տարբեր փաստաթղթերով քվեարկության բացառումը, եթե ընտրողն ունի անձը հաստատող մի քանի փաստաթուղթ՝ նույնականացման քարտ, թղթային և կենսաչափական անձնագրեր։

Քննարկման մյուս բանախոսներն էին Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Տես «Հրապարակի», «Առավոտի», «ԳԱԼԱ» TV-ի նյութերը: