Ս. թ. մարտի 15-ին տեղի է ունեցել «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկում: Միջոցառման բանախոսներից էր Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը: Նա ներկայացրել է ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծով առաջարկվող խնդրահարույց մի քանի իրավակարգավորումներ: Բացի փաստաթղթի մշակման ընթացակարգային խախտումներից, կան խիստ սահմանափակող դրույթներ կամ իրավակարգավորումներ, որ գործնականում կարող են խառնաշփոթ ստեղծել, օրինակ՝ քվեարկության կարգում: Նախագիծը չի արտացոլում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականը, օրինակ բողոքարկման առարկան և սուբյեկտների շրջանակը ընդլայնելու վերաբերյալ:

Սա «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից կազմակերպված երկրորդ քննարկումն էր: Այս միջոցառումների շարքը նպատակ ունի հանրությանը ներկայացնել նոր ընտրական օրենսգրքի նախագծում տեղ գտած մարտահրավերներն ու արդյունավետ ընտրական մեխանիզմների ապահովման խնդիրները, ինչպես նաև բանավեճ ծավալել հետաքրքրված բոլոր կողմերի միջև:

Քննարկման մյուս բանախոսներն էին Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Տես Մեդիա կենտրոնի տեսագրությունը 28: 40 րոպեից: