ԻՐԱՎԱԲԱՆ.NET-ի Իրավական շաբաթ հաղորդումն անդրադարձել է ընտրական նոր օրենսգրքով առաջ եկած խնդիրներին: Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու, ընտրական իրավունքի մասնագետ Հերիքնազ Տիգրանյանի՝ նոր ընտրական օրենսգրքով այնպես են սահմանափակվել հանրային վերհսկողություն իրականացնող անձանց լիազորությունները, որ տպավորություն է ստեղծվում, թե ցանկանում են ընտրությունները հեռու պահել հանրային աչքից: Ըստ Տիգրանյանի՝ եթե տեղամասում արդեն իսկ առկա են 8 դիտորդ և լրատվամիջոցի ներկայացուցիչ, ապա մյուս դիտորդը կամ լրատվամիջոցի ներկայացուցիչը կարող է տեղամաս գալ ԿԸՀ-ի կողմից սահմանած հերթագրման կարգի համաձայն: Խնդիրն այն է, թե արդյոք կկարողանան դիտորդական առաքելության համար հավատարմագրված կազմակերպություններն ուղղակի տեղմաս մուտք գործել:

Սահմանափակվել են նաև դիտորդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները: Դիտորդը չի կարող ընթացակարգի խախտման մասին պահանջել, առաջարկություններ ներկայացնել, կարող է միայն ընտրության համար պատասխանատու անձի ուշադրությունը հրավիրել խախտման վրա:

Դիտորդական առաքելությունների համար առավել վտանգավոր դրույթն այն է, որ տեղամասային հանձնաժողովը, եթե գտնի, որ դիտորդը, ԶԼՄ ներկայացուցիչը, վստահված անձը խախտում են ընտրական օրենսդրության պահանջները, կարող է հանձնաժողովի 2/3-ով քվեարկել և այդ անձանց տեղամասից դուրս հրավիրել, ինչը կխանգարի նրանց անկաշկանդ գործունեությանը:

Դիտեք 0:40 վայրկյանից