Ս.թ. մարտի 11-ի ՀՀ Արդարադատության նախարարության կազմակերպած ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկման ժամանակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փոխտնօրեն Սոնա Այվազյանը ներկայացրել է հանրային վստահության վերականգնման, քվեարկությանը մասնակցած քաղաքացիների կողմից ստորագրված ցուցակները հրապարակային դարձնելու, գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրման հետ կապված քաղաքացիական հասարակության մտահոգությունները և տվել է այդ հարցերի շուրջ առաջարկներ:

Այն, որ հանրային վստահություն չկա ընտրական գործընթացների նկատմամբ, ամրագրված էր ոչ միայն միջազգային փաստաթղթերում, այլև ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում: Սակայն, սահմանադրությունը որևէ լուծում չի տվել հանրային վստահության ստեղծման համար, այդ գործընթացն ընդհանրապես և քվեարկությունն այնքան խաթարված էր, որ վստահությունը, եթե կար որոշ մարդկանց մոտ, ի չիք դարձավ:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթացն, ըստ երևույթին, սկսվել է 2014 թ. կեսերից, երբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները պետք է ներառվեին նոր ընտրական օրենսգրքի մեջ, սակայն դա տեղի չի ունեցել: Չնայած առաջարկություններին, դեռևս այն ժամանակվանից արդեն իսկ գործընթացը ներառական չէր: Այս քննարկումն էլ հարաբերական է ներառական կոչելը, որովհետև շահագրգիռ կողմերին տրված է պատրաստի նախագիծ:

Նույնիսկ առաջարկություն է ներկայացվել միջազգային կազմակերպություններին ինչ-որ տեխնոլոգիաներ ներդնելու համար: Գաղտնի գործընթացներ՝ հանդիպումներ են տեղի ունեցել Վենեսուելայի ընկերության հետ, որին ներկա են գտնվել միայն ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: Անհասկանալի է, թե որ 13 օրում է գրվել նախագիծը, եթե հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 10-ին, իսկ փետրվարի 22-ին արդեն անգլերեն տեքստը տեղադրված է եղել Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) պաշտոնական կայքում: Փաստորեն, որևէ ձևով չի արձագանքվել եղած մտահոգություններին, և տեղ չեն գտել ո՛չ քաղաքական կուսակցությունների և ո՛չ էլ քաղաքացիական հասարակության կողմից հնչեցված առաջարկությունները: Նույնիսկ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի 2012 և 2013 թթ. համապետական ընտրություններից և 2015 թ. սահմանադրական հանրաքվեից հետո առաջարկությունները մեծ մասով անտեսված են:

Միակ ելքը վստահությունը որևէ կերպ վերականգնելու և մի քիչ մեծացնելու առումով կարող է լինել (պաշտպանելով Լևոն Զուրաբյանի առաջարկությունը) բազմակողմ հանձնաժողովի ստեղծումը, որտեղ ներկայացված կլինեն և՛ ընդդիմադիր կուսակցությունները, և՛ իշխանությունը, և՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որը քիչ թե շատ ընդունելի տարբերակ կլինի բոլոր կողմերի համար: Սա առաջին առաջարկությունն է:

Հաջորդը վերաբերում է ցուցակներին: Կա՞ ընկալումը, թե ինչի համար են պահանջվում, որ ցուցակները հրապարակային դարձվեն: Այն 2 ժամ հնարավորությունը, որ մեծ բարեհաճությամբ տրվելու է դիտորդներին, լրատվամիջոցներին կամ վստահված անձանց հաջորդ օրը նայելու ցուցակները, բացարձակապես բավարար չէ: Ցուցակների հրապարակայնությունն արվում է հանրային վերահսկողությունն ապահովելու համար: Ցուցակները կեղծարարության հիմնական գործիքն են: Դրա համար կան տարիներ շարունակ փորձարկված բազմաթիվ ապացույցներ: Քանի դեռ կրեատիվ մտածելակերպը չի ստեղծել կեղծարարության այլ գործիք և համառ դիմադրություն կա ստորագրված ցուցակների հրապարակման դեմ, հավաստվում է, որ դա օգտագործվելու է հետագա ընտրություններում ևս: Այս պարագայում միակ ելքը ապացուցելու, որ ընտրությունները կազմակերպվելու են արդար, ազնիվ ձևով ցուցակները հրապարակելն է: Դրան այլընտրանքային եղանակ չկա:

Սոնա Այվազյանը նաև ներկայացրել է էլեկտրոնային գրանցման հետ կապված մտահոգությունը: Այնպիսի տպավորություն է, թե մանկական շոուում ենք, որ հացի փոխարեն հանրությանը կարծես խրախճանք են առաջարկում՝ հիմնական խնդիրներից շեղելու համար, այն դեպքում, երբ ընտրական գործընթացի հիմնական խնդիրը բոլորովին գրանցման պրոցեսի մեջ չի եղել: Խնդիրը եղել է ցուցակների մեջ: Այվազյանը կոչ է արել միջազգային կազմակերպություններին աջակցել ոչ թե այս տեխնոլոգիաների ներմուծման, այլ եղած գործիքներն օգտագործելով՝ ներդրում անելու լուսանկարահանման և տեսանկարահանման սարքերի կիրառման մեջ քվեարակության օրը ընտրատեղամասն առցանց տեսանկարահանելու համար:

Տես Սիվիլնեթի տեսագրությունը 2 ժամ 40 րոպեից:

Տես հոդվածը «Առավոտ»-ում: