Ս.թ. մարտի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկում, որ կազմակերպել էր ՀՀ Արդարադատության նախարարությունը: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ներկայացուցիչները: ԹԻՀԿ-ն ակտիվորեն ներգրավված է դիտորդական առաքելության մեջ: ԹԻՀԿ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը մի քանի հարցադրումներ է ներկայացրել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի մշակման և ներկայացման համար պատասխանատու մարմիններ ՀՀ Արդարադատության նախարարության և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներին:

Ինչո՞ւ չեն ապահովվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը (ԿԱԳ) և հանրային քննարկումը մինչև ՀՀ կառավարության հաստատման ներկայացնելու պահանջը: Չէ՞ որ ԵԱՀԿ-ն աջակցում է Արդարադատության նախարարությանը ԿԱԳ-ի իրականացման գործընթացը, ինստիտուտը ներդնելու մեջ, այդուհանդերձ, Ընտրական օրենսգրքի նախագիծը ներկայացվել է ընթացակարգային խախտումով:

Տպավորություն է ստեղծվում, թե նախագիծը հատուկ թիրախավորել է դիտորդական առաքելություններին: Այն որ դիտորդը չի կարող որևէ կերպ տեղի ունեցող ընտրական խախտմանը արձագանքել կամ ուղղակի պահանջել, որ խախտումը վերացվի, այլ միայն կարող է ընտրությունների համար պատասխանատու անձի ուշադրությունը հրավիրել ընտրախախտումների վրա, տարօրինակ է:

Միջամտության մասով՝ արդյոք տեղի՞ն է ընտրական հանձնաժողովին տալ տեղում որոշելու դիտորդի գործողությունների իրավաչափությունը. որոշելու, որ դիտորդը իսկապես խախտել է ընտրական օրենսգրքի պահանջը: Լայն հայեցողության մեջ ամեն ինչը կարող է մեկնաբանվել որպես դիտորդի կողմից ընտրական օրենսդրության խախտում և քվեարկվելով 2/3-ով հանձնաժողովի կողմից, նախագահը կարող է նրան դուրս հրավիրել տեղամասից: Սա ակնհայտ հետընթաց է գործող ընտրական օրենսգրքից: Բավարար չէ, որ դիտորդներն ունեն տեղամաս մուտք գործելու խոչընդոտ, տեղամասում չունեն գործելու հնարավորություն, ունեն նաև խնդիր ամեն պահ հայեցողաբար մեկնաբանվելու, որ գործողությունը օրինաչափ չէ և տեղամասից դուրս կհանվեն:

Քվեարկության հաջորդ օրը ստորագրված ընտրացուցակներին ծանոթանալու ինստիտուտ է ներմուծվել, բայց այդ ինստիտուտը կամ իրավունքը իրացնելու որևէ գործուն մեխանիզմ չի ներկայացվել: Ավելին, եթե ծանոթանալու հետ միաժամանակ վերահաշվարկի դիմում է ներկայացվել, ապա թույլ չի տրվում նաև ստորագրված ցուցակները լուսանկարահանել կամ գրառումներ անել: Այսինքն՝ մի դեպքում տրվել է իրավունք, բայց գրառումներ կատարել, ընդ որում նախագծում ասվում է, որ գրառումները կատարվում են լուսանկարահանման դեպքում, այս դեպքում արգելվում է ընտրողների ստորագրած ցուցակների հրապարկումը:

Քննարկմանը մասնակցել են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ինչպես նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործող ղեկավար Բարբարա Դեվիսը:

Տես Սիվիլնեթի տեսագրությունը 1 ժամ 39 րոպեից: