Գլխավոր էջ Նորություններ «Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագիր ներկայացնելու հրավեր
Նորություններ
2016 Մար
4

«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագիր ներկայացնելու հրավեր

Ներածություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ ներկայացնելու փոքր դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ` հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության խթանման մեթոդների կիրառմամբ:

Ընդհանուր դրույթներ, դրամաշնորհի տևողությունը և բյուջեն

«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագրի նպատակն է՝ նպաստել հանրային հաստատությունների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը հանրությանը մատուցվող ծառայությունների և ծրագրերի նկատմամբ մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականությանը միտված նախաձեռնությունների իրականացման միջոցով:

Ով կարող է դիմել

Դրամաշնորհային մրցույթին կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունում գրանցված ՔՀԿ-ները՝ հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները:

Դրամաշնորհի թեմատիկ շրջանակը և մեթոդաբանությունը

Սույն հրավերի շրջանակում կդիտարկվեն հետևյալ ոլորտներին առնչվող հայտերը.

  • կրթություն (նախադպրոցական և դպրոցական)
  • առողջապահություն (առաջնային օղակ  և ստացիոնար)
  • սոցիալական ծառայություններ
  • աղբահանություն և կոմունալ այլ ծառայություններ
  • ներհամայնքային և միջհամայնքային տրանսպորտ
  • հողօգտագործում և շինարարություն
  • ջրօգտագործում և գյուղատնտեսություն
  • ոստիկանություն (ճանապարհային, տարածքային անձնագրային ծառայություններ)

Մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության գործողությունները պետք է կառուցվեն հիմք ունենալով ստորև ներկայացված՝ Բազելի կառավարման ինստիտուտի կողմից մշակված համապատասխան ձեռնարկներում բերված մեթոդները, որոնց կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով.

Մասնակցային մոնիտորինգ. գործնական ձեռնարկ

Սոցիալական հաշվետվողականություն. գործնական ձեռնարկ

Ներկայացվող հայտերը պետք է միտված լինեն այնպիսի ուսումնասիրությունների իրականացմանը, որոնց արդյունքները դրամաշնորհառուները հետագայում կօգտագործեն համապատասխան քաղաքականությունների փոփոխությանը միտված ջատագովության շրջանակներում: Այդ նպատակով ծրագրի վերջում նրանք պետք է կազմեն և հրապարակեն արդյունքների վերաբերյալ զեկույց՝ ներառելով գործողությունների արդյունքների ամփոփումը, բացահայտված խնդիրները և փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ: Հայտատուները նաև պետք է նախատեսեն առաջարկությունների խթանմանն ուղղված ջատագովության գործողություններ ծրագրի շրջանակներում:

Դրամաշնորհի տևողությունը և բյուջեն

«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» ծրագրի առաջին փուլի ընդհանուր բյուջեն կազմում է 24 500 000 ՀՀ դրամ: Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի մինչև 4 900 000 ՀՀ դրամ: Յուրաքանչյուր ծրագրի տևողությունը կարող է լինել 6-12 ամիս:

Ծրագրերի մեկնարկը նախատեսվում է ս.թ. ապրիլի 15-ից:

Հայտերի գնահատման չափորոշիչներ

Ներկայացված հայտերը նախնական գնահատում կանցնեն ԹԻՀԿ ծրագրային թիմի կողմից` մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար: Այնուհետ դրանք կներկայացվեն փորձագիտական հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափորոշիչների.

I. Կազմակերպության փորձը (20 միավոր)

  • կազմակերպության առաքելությունը և նպատակները
  • կազմակերպության փորձը համապատասխան ոլորտում
  • ծրագրում առաջարկվող աշխատակազմի փորձառությունը

II. Առաջարկվող ծրագրի նկարագրություն (40 միավոր)

  • համապատասխանությունը նշված թեմաներին
  • կարիքի հիմնավորումը
  • համապատասխանությունը առաջարկվող մեթոդաբանություններին
  • գործողությունների աշխարհագրությունը
  • ակնկալվող արդյունքները
  • իրականացման ժամանակացույցը

III. Ջատագովության ռազմավարությունը (20 միավոր)

  • ուսումնասիրության արդյունքների օգտագործումը/ջատագովությունը

IV. Բյուջեն (20 միավոր)

  • բյուջեի և նպատակների համապատասխանությունը
  • առաջարկվող ծախսերի ողջամտությունը

Ծրագրի առաջարկի ներկայացման կարգը

Դրամաշնորհային ծրագրին մասնակցելու համար կազմակերպությունները պետք է ուղարկեն փաթեթ՝  ներառելով.

  • Ծրագրի առաջարկը` կից ներկայացված ձևաչափով (Application Form)
  • Աշխատանքային պլանը (Հավելված 1)
  • Ծրագրային բյուջեն ներկայացված ձևաչափով և դրա նկարագիրը (Հավելված 2)
  • Ծրագրում ընդգրված աշխատակազմի համառոտ կենսագրականները
  • Ընտրված ոլորտում կազմակերպության կողմից մշակված որևէ հրապարակում կամ համապատասխան ինտերնետային հղում

Ծրագրի առաջարկը պետք է ներկայացվի մինչև 12 էջի սահմաններում հայերեն կամ անգլերեն լեզուներով:

Հետաքրքրված ՔՀԿ-ները կարող են հայտերն ուղարկել Դիանա Տեր-Ստեփանյանին մինչև ս.թ. մարտի 28-ը, ժամը 10:00 [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով «Small grant proposals»: Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 010 569589 կամ 010 569689 հեռախոսահամարներով կամ գրել վերը նշված էլեկտրոնային փոստին: