1in.am. Ընտրական օրենսգրքի հրապարակումից ժամեր անց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հայտարարություն է տարածել, որով իր մտահոգությունն է հայտնել նոր ընտրական օրենսգրքի նախագծի մշակման և ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգ ներկայացնելու գործընթացի անօրինականության վերաբերյալ: ԹԻՀԿ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը դիտարկում է որպես գաղտնիության ռեժիմում գրված, հանրությունից թաքցված, ոչ մասնակցային փաստաթուղթ: Նախագիծը մշակելիս ներառականության, ընդհանուր կամահայտնության, կողմերի համաձայնության գործընթացներ տեղի չեն ունեցել:

Նախագահի հրամանագրին կից հավելվածների համաձայն՝ ընտրական օրենսգրքի մշակման և ներկայացման մասնակցող պատասխանատու մարմիններ էին նշանակվել Արդարադատության նախարարությունը և ԿԸՀ-ն, սակայն այդ երկու մարմինների և ոչ մեկի կայքում նախագիծը հրապարակված չի եղել: Հանրությունը նախագծի մասին տեղեկացել է կառավարության նիստի օրակարգ դրվելուց հետո միայն: