Ս.թ. հուլիսի 25-ին ԹԻՀԿ-ը Ընդհանուր ժողով է գումարել` զեկուցելու հաշվետու ժամանակահատվածում իրականացրած ծրագրերի վերաբերյալ, կազմակերպության անդամներին տեղեկացնելու ապագա գործունեությանը և անցկացնելու նոր անդամների, Խորհրդի ու Նախագահի ընտրություններ: Նախագահ Ամալյա Կոստանյանը ներկայացրել է կազմակերպության առաքելության և նպատակների իրականացմանն ուղղված 2 տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվություն, իսկ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը անդրադարձել է կազմակերպության գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվությանն ու ներկայացրել 2008-2009 թ.թ. աշխատանքային պլանը: Հաշվետվությունները հաստատվել են, իսկ պլանը` հավանության է արժանացել Ընդհանուր ժողովի կողմից:

Օրակարգի հարցերից էին նաև անդամների առավել ակտիվ գործունեությունն ու նոր անդամների հավաքագրումը: Առաջարկություններ են եղել անդամների ակտիվ գործունեությունն ապահովել առավել հաճախակի հանդիպումների, կազմակերպության անդամների հետ շփումների ավելացման, ըստ հետաքրքրությունների խմբերի աշխատանքի իրականացման, տեղեկատվական թերթիկների, տարեկան հաշվետվությունների, կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված շապիկների, օրացույցների և այլ գովազդային նյութերի բաժանման միջոցով: Հավանության է արժանացել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ին անդամակցության զարգացման հարցով Վազգեն Կարապետյանին պատասխանատու նշանակելու առաջարկությունը:

Երկու թեկնածու` Իրինա Կարապետյանը և Նունե Այդինյանը անդամակցել են կազմակերպությանը: Առաջարկություն է եղել հաջորդ անգամ անդամակցության թեկնածու առաջադրել կազմակերպության համակիրներին: Ընդհանուր ժողովը վերընտրել է Խորհրդի անդամներին հետևյալ կազմով` Ամալյա Կոստանյան, Վարուժան Հոկտանյան, Արթուր Լալայան, Վազգեն Կարապետյան և Լիլիթ Հակոբյան: Կազմակերպության Խորհրդի նախագահ է առաջադրվել և վերընտրվել Ամալյա Կոստանյանը: