Թրանսփարենսի Ինթերնեշնլը (ԹԻ) օրինավորության հաստատմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին նպատակաուղղված` առաջատար և աշխարհի ավելի քան 90 երկրներում գործող գլոբալ կազմակերպություն է: Ի թիվս այլ նախաձեռնությունների՝ ԹԻ-ն իրականացնում է Պաշտպանության և անվտանգության ծրագիր (ՊԱԾ), որի շրջանակում աշխատում է կառավարությունների, ռազմական ոլորտում ներգրավված ընկերությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ պաշտպանության համակարգերում օրինավորությունը խթանելու և կոռուպցիան նվազեցնելու նպատակով:

ԹԻ ՊԱԾ շրջանակներում մշակվել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ` «Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ»` վերլուծելու պաշտպանության և անվտանգության համակարգի հիմնական ռիսկային՝ քաղաքական, ֆինանսական, անձնակազմի, գործողությունների և գնումների ոլորտները: Այս ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը գնահատող 77 հարցից բաղկացած հարցաշարի հիման վրա երկիրը դասվում է A-F խմբերից որևէ մեկում, որտեղ A-ում կոռուպցիոն ռիսկերը շատ ցածր են, իսկ F-ում՝ շատ բարձր:

ԹԻ ՊԱԾ Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ 2015 երկրորդ գլոբալ ուսուամնասիրությունն ընդգրկել է 114 երկրներ:[1]

ԹԻ ՊԱԾ Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ ուսումնասիրության շրջանակներում իրականացվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության համակարգի կոռուպցիոն ռիսկերի գնահատում: Ուսումնասիրությունը թարգմանվել է հայերեն և հրապարակվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակառուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Օրինավորության խթանումը ՀՀ պաշտպանության համակարգում» ծրագրի շրջանակներում:

Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել է D խմբում, որը համապատասխանում է պաշտպանության և անվտանգության ոլորտում կոռուպցիոն բարձր ռիսկերի առկայությանը: Ռիսկերի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են ֆինանսական, գործողությունների և գնումների ոլորտներում` համապատասխանելով E խմբի չափանիշներին, որոնք բնութագրվում են շատ բարձր կոռուպցիոն ռիսկերի առկայությամբ:[2]

Թափանցիկություն, վստահություն և արդյունավետություն

Կոռուպցիայի դեմ պայքարը հռչակվել է որպես Պաշտպանության նախարարության առաջնահերթություն. Հայաստանի Հանրապետությունը ՆԱՏՕ-ի «Բարեվարքության ամրապնդում» ծրագրի մասնակից է և մասնակցել է ինքնագնահատման հարցաշարի լրացմանը: Հաշվի առնելով, որ զինված ուժերը հիմնված են զինապարտության վրա, և պաշտպանության բյուջեն սահմանափակված է, թափանցիկ և արդյունավետ համակարգի ներդրումն անհրաժեշտ է հասարակության և զինված ուժերի միջև վստահության ամրապնդման և բյուջեի ծախսման առավելագույն արդյունավետության ապահովման համար:

Հայաստանի Հանրապետության ռազմական գնումների մեծամասնության գործընթացները և որոշումները գաղտնի են, և ռազմական բյուջեի մասին միայն շատ ընդհանուր տեղեկատվություն է հրապարակվում: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը պաշտպանության ոլորտի վերահսկողության բավականին քիչ հնարավորություններ ունի, մասնավորապես պաշտպանության քաղաքականությունը և ծախսերը խորհրդարանում երբեք քննարկման առարկա չեն դարձել և կարևոր որոշումները, որպես կանոն, ընդունվել են առանց բավարար քննարկումների: Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն իրավասու է վերահսկելու պաշտպանության ոլորտի գնումները փակ լսումների ընթացակարգով, սակայն այն տարվա ընթացքում սովորաբար սակավաթիվ լսումներ է անցկացնում, և վերահսկողության աստիճանը հնարավոր չէ հստակեցնել:

Պաշտպանության նախարարության և պաշտպանության ոլորտին վերաբերող սահմանափակ տեղեկատվություն է հասանելի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին` չնայած Պաշտպանության նախարարությունը սկսել է մասնակցել քաղաքացիական հասարակության որոշ նախաձեռնությունների: Սա նշանակում է, որ հասարակական վերահսկողությունը և ներգրավվածությունը պաշտպանության քաղաքականության, գնումների և ծախսերի առաջնահերթությունների որոշման մեջ փաստացիորեն բացակայում է:

Պաշտպանության պլանավորման և գնումների վերաբերյալ խորհրդարանի և քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովումը առավել ամուր հիմք կստեղծի ծախսերի առաջնահերությունների ընտրության համար և կբարձրացնի զինված ուժերի նկատմամբ վստահությունը, ինչը հատկապես կարևոր է, եթե զինապարտությունը շարունակում է մնալ զինված ուժերի հենքը: Առաջարկվում է կառավարությանը շարունակել համագործակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, ներառյալ այս վերլուծության քննարկմանը և համատեղ սեմինարներին մասնակցությունը` ներդնելու ավելի կայուն մեխանիզմներ` ի ապահովումն գնումների և պաշպանության քաղաքականության գործընթացներին խորհրդարանի և քաղաքացիական հասարակության ներգրավման:

Առևտրային գործունեություն և շահերի բախում

Քիչ տեղեկատվություն է առկա պաշտպանության արտաբյուջետային եկամուտների աղբյուրների վերաբերյալ: Ակտիվների օտարման գործընթացը ընկալելի չէ, ինչպես նաև բացակայում են վաճառքից ստացված եկամուտների օգտագործման վերաբերյալ տեղեկություններ: Պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև անձնակազմի առանձին անդամներ, հանդիսանում են մի շարք առևտրային կազմակերպությունների կամ դրանց բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթների սեփականատեր, որոնց գործունեությունը և ֆինանսական հաշվետվությունները թափանցիկ չեն: Սա կարող է հանգեցնել շուկայի աղճատման և անարդար մրցակցության, իսկ եկամուտների աղբյուրների վերաբերյալ հստակության բացակայությունը կարող է խոչընդոտել ռեսուրսների բաշխման և առաջնահերթությունների որոշման կայուն գործընթացի ձևավորմանը: Առաջարկվում է Պաշտպանության նախարարությանը հրապարակել եկամուտների բոլոր աղբյուրները, ինչպես նաև դրանց օգտագործումը, և ապահովել պաշտպանության նախարարությանը պատկանող ձեռնարկությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտը և հրապարակայնությունը:

Օրինավորության ամրապնդում

Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Բարեվարքության ամրապնդումը» ծրագրին հնարավորություն է տալիս զարգացնելու օրինավորության գործողությունների պլան և քաղաքացիական ու զինվորական անձնակազմի վերապատրաստման դասընթացների համակարգված ծրագիր: Առաջարկվում է զարգացնել օրինավորության վերաբերյալ համապարփակ դասընթացների ծրագիր, հատկապես ռիսկային պաշտոններ զբաղեցնող անձնակազմի համար: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ռազմական ներգրավվածությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի Միջազգային անվտանգության ուժերում, ինչպես նաև խաղաղապահ գործողություններում, որոնց հաջողությունը մեծամասամբ պայմանավորված է կոռուպցիայի նկատմամբ ունեցած մոտեցումներից, գործողությունների մեջ ներգրավված անձնակազմի համար օրինավորության դասընթացների իրականացումը կբարձրացնի զինծառայողների պատրաստվածությունը և կաջակցի միջազգային հարաբերությունների ամրապնդմանը:

[1] Ուսումնասիրության գլոբալ արդյունքների ամփոփումը հասանելի է http://government.defenceindex.org/#intro կայքէջում:

[2] Հայաստանի արդյունքների ամփոփումը հասանելի է http://government.defenceindex.org/downloads/docs/armenia.pdf կայքէջում: