Ս.թ. փետրվարի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է 2015 թ. դեկտեմբերի 6-ին անցակցված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի՝ ընտրական թվերի մոնիտորինգի ամփոփիչ արդյունքները, վեր հանված խնդիրները՝ կապված ընտրացուցակների, քվեարկության ընթացքի, մասնավորապես քվեարկելու տևողությունների, արդյունքների և մասնակցության միջև կապի, ինչպես նաև անճշտությունների վերլուծության հետ և արել է արդյունքներից բխող հետևություններ: Արդյունքները չեն կարող լինել դիտորդների համար բողոքարկման հիմք, բայց կարող է լինել բողոքի համար լրացուցիչ փաստարկ: Խնդրահարույց տեղամասերը կարելի է ընտրել հաջորդ անգամ ընտրությունների դիտորդության ժամանակ:

Ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգ ծրագրի անհրաժեշտությունը գալիս է նրանից, որ կեղծիքների և հանցավոր երևույթների պատճառով քվեարկության արդյունքները կասկածի տակ են դրվում, և թուլանում է հասարակության վստահությունը ընտրությունների նկատմամբ: Այս ծրագիրը դիտորդական առաքելություններին լրացնելու փորձ է, որը հնարավորություն է տալիս օգտագործել տվյալները և լուրջ հետաքննություններ անցկացնել այն բոլոր տեղամասերում, ուր եղել են կասկածելի արդյունքներ: Տվյալներն ուղղակիորեն չեն կարող ասել, որ որոշակի տեղամասերում եղել են կեղծիքներ, լցոնումներ, կարուսել և այլ խախտումներ, բայց ներկայացնում են այնպիսի թվեր, որ արժանի են լուրջ ուշադրության: Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի օժանդակությամբ սույն մոնիտորինգային ծրագիրն իրականացվել է չորրորդ անգամ՝ (նախորդները եղել են 2012թ. ՀՀ ազգային ժողովի, 2013թ. ՀՀ նախագահի և 2013թ. Երևանի ավագանու ընտրությունները): Ծրագիրն իրականացվում է պաշտոնական աղբյուրներից վերցված թվերի հիման վրա:

Ընտրացուցակներում ընտրողների թվաքանակը բավականին ուռճացված է, որը մեծ ռեսուրս է բազմակի քվեարկության համար: Հանրապետությունում բնակչությունը նվազել է, բայց աճել է ընտրողների թիվը: Համաձայն ոստիկանության պարզաբանման՝ հանրապետությունից դուրս գտնվող ընտրողներին իրավունք չունեն հանել ցուցակներից:

Որոշ տեղամասերում մշտական բնակչության թիվն ավելի փոքր էր, քան ընտրողների թիվը, ինչն առավել ակնառու էր քաղաքային համայնքներում, օրինակ՝ Գյումրիում, Վանաձորում, Ջերմուկում, Բերդում, Ագարակում, Ախթալայում, Սպիտակում, Ալավերդիում, Չարենցավանում, Գավառում, Մեծամորում, Արտաշատում, Թալինում, Աշտարակում և այլն:

Կային հասցեներ, ուր մեծ թվով ընտրողներ են գրանցված: Ըստ թվային տվյալների՝ 13 տեղամասում գրանցված է եղել 100 և ավելի ընտրող, 10 հազար 458 հասցեում գրանցված է եղել 10 և ավելի ընտրող: Ըստ Ոստիկանության պարզաբանման դրանք ծերանոցներ են, բայց ոչ ոք չի գնում, ուսումնասիրում և ճշտում արդյո՞ք այդ վայրը ծերանոց է, այդտեղ ընտրական իրավունք ունեցող 120 մարդ կա, թե՞ ոչ: Խնդիրներ են եղել մեծ տարիքի ընտրողների, հասցեներ չունեցողների հետ կապված: Արդյոք դրանք ֆիկտիվ, թե՞ իրական ընտրող են:

Ըստ հաշվարկների` մեկ անձի քվերակության տևողությունը 44 վայրկյան է: Ըստ այդմ, երեք ժամվա ընթացքում քվերակությանը առավելագույնը կարող է մասնակցել 490 անձ: Սակայն սահմանադրական հանրաքվեի օրը եղել են տեղամասեր, որտեղ նույն ժամանակահատվածում քվերկել է 540 անձ: Սա նշանակում է, որ այդ տեղամասերում հնարավոր է, որ եղել են լցոնումներ: Որոշ տեղամեսերում ժամը 17:00-ին ավելի մեծ թիվ է հրապարակվել, քան 20:00-ին:

Ընտրատեղամասերում եղել է դրական կապ քվեարկության մասնակցության և «այո»-ի օգտին տված ձայների միջև: Ինչքան մեծանում է քվեարկությանը մասնակցությունը, այնքան մեծանում է «այո»-ի օգտին տված ձայների թիվը: Չի եղել այնպիսի տեղամաս, ուր մասնակցությունը լինի 70% և ավել, ուրտեղ «ոչ»-ը հաղթած լինի: Կա կասկած, որ եղել են լցոնումներ, կրկնաքվեարկություն, բազմաթիվ թվով քվեաթերթիկներ ավելացվել են, ապահովվել է ավելի բարձր մասնակցություն և այդ մեծ թվով քվեաթերթիկները հիմնականում եղել են «այո»-ի օգտին:

Արագածոտնի, Արարատի, Սյունիքի մարզերի 9 գյուղերում «այո»-ն ստացել է 100% քվե:

Մի քանի տեղամասեր գտնվում են նույն տարածքում: 38 տեղամասում զույգ և եռյակ մի տեղամսում հաղթում է «այո»-ն, մյուսում՝ «ոչ»-ը:

Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է նաև հանրաքվեի օրը քվեարկության ժամանակ տեղ գտած անճշտություններին: Անճշտությունները կարող են հիմք դառնալ վերաքվեարկության համար, որը չի արվում:

Եղել են դեպքեր, երբ քվեաթերթիկների քանակն ավելի շատ է եղել, քան ստորագրությունների թիվը: 614 տեղամաս կա, որտեղ եղել են այսպիսի անհամապատասխանություններ և այնտեղ գրանցված է եղել 931 հազար ընտրող: Այդ տեղամասերում քվեարկել է 449 հազար 259 ընտրող: Իսկ 461 ընտրատեղամասից 250-ում 70 տոկոսից ավելի մասնակցություն է եղել: Այս անճշտություններով տեղամասերում «այո»-ն հաղթել է:

Ներկայացնելով հանրաքվեին տեղ գտած անճշտությունների ամփոփ տվյալները՝ Հոկտանյանն անդրադարձել է նաև ՀՀ Ընտրական օրենսգրքին, որը պետք է նոր տարբերակով մշակվի:

Նա ներկայացրել է մի քանի կարևորագույն առաջարկներ, որոնք համատեղ մշակվել են քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչների և ՀԿ-ների հետ և ուղղված են իշխանություններին՝ նոր Ընտրական օրենսգրքի մշակման փուլում ներառելու համար:

Ըստ Հոկտանյանի՝ վարչական ռեսուրսների առումով պետք է բացառել պետական կամ համայնքային միջոցները՝ քարոզարշավի ծառայեցնելը: Քարոզարշավի ֆինանսավորման հետ կապված պետք է հստակ մեխանիզմներ լինեն, ստուգվեն հայտարարագրերը նաև ֆինանսավորման աղբյուրները: Նա նաև առաջարկել է վերանայել բողոքարկման ժամկետները, բանակում ընտրական իրավունքի իրացման մոտեցումները, որպեսզի որևէ ազդեցություն չլինի զինվորականների քվեարկության վրա: Նա նաև պահանջում է, որ կրթական համակարգում ներգրավվածները չլինեն տեղամասային հանձնաժողովների անդամներ, որպեսզի հնարավոր խախտումներին մանկավարժները մասնակից չլինեն: