Ըստ զեկույցի, չնայած կոռուպցիայի դեմ կառավարության հայտարարած պայքարին, Հայաստանում այս ուղղությամբ բարելավում չկա.168 երկրների շարքում Հայաստանը կիսում է 95-ից 98-րդ հորիզոնականները Մալիի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հետ։

Կազմակերպության Հայաստանի գրասենյակի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ ո՛չ հակակոռուպցիոն խորհրդի ստեղծումը, ո՛չ իշխանությունների մյուս նախաձեռնությունները առայժմ էական արդյունք չեն տվել․ - «2004 թվականից այդպիսի խորհուրդ եղել է: Մի քիչ փոխվեց նրա կազմակերպչական կառուցվածքը, բայց ընդհանուր առմամբ, ինչպես կյանքը ցույց տվեց, առանձնակի հաջողություններ այդպիսի խորհրդի ստեղծմամբ պետք չէ ակնկալել: Խորհուրդը կարող է արդյունավետ լինել այն դեպքում, եթե իրականացվեն խորքային բարեփոխումներ և ոչ թե իմիտացիա»:

Անցյալ տարի վերստին ստեղծված հակակոռուպցիոն խորհրդի ղեկավարը վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, ով բազմիցս է հայտարարել մեղավորներին, այդ թվում՝ յուրայիններին, պատժելու պատրաստակամության մասին։ Սակայն, ըստ փորձագետների, ավելի քան 15 տարի է՝ կոռուպցիայի դեմ պայքարը դոփում է տեղում։

Տեղաշարժ գրանցելու համար, Հոկտանյանի խոսքով, առաջին հերթին քաղաքական կամք է պետք․ - «Եթե լինի քաղաքական կամք, այդ դեպքում կկատարվեն որոշակի քայլեր: Առաջին հերթին, քաղաքական և տնտեսական կյանքում դեմոնոպոլիզացիա պետք է լինի: Մոնոպոլիաները կոռուպցիայի հետ ձեռք ձեռքի տված են միշտ լինում: Տնտեսական մոնոպոլիզացիան նաև բերում է քաղաքական մոնոպոլիզացիայի»:

Փոքր ու միջին բիզնեսի համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանի խոսքով, կոռուպցիայի վերաբերյալ ԹԻ-ի գնահատականը շատ մոտ է իրականությանը։ Պետական կառավարման որևէ օղակ զերծ չէ կոռուպցիոն ռիսկերից: Առաջին հորիզոնականում, սակայն, ըստ նրա, մաքսային մարմինն է․ - «Այդ ոլորտը կոնկրետ վերաբերում է և՛ արտադրողին, և՛ առևտուր անողին․․․․ Իսկ կոռուպցիան հայտնաբերելը, գտնելը ցանկության հարց է»:

Մաքսային ծառայությունը Ֆինանսների նախարարության կազմում է, որի ղեկավար Գագիկ Խաչատրյանը ևս հակակոռուպցիոն խորհրդի անդամ է։

Ավագյանը մեկ օրինակ է բերում, թե ինչպես են Հայաստանի սահմանին փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները բախվում կոռուպցիոն ռիսկերի. - «Ինվոյսային արժեքը կիրառե՞նք, թե՞ չկիրառենք․․․ Հայտնի կամ-կամ-ի սկզբունքն է: Դա կլինի ֆիզիկական անձ, որը մեքենա է ներմուծում․ ինչքան կգնահատեն մաքսային արժեքը, որից կառաջանա հարկերը և մաքսային վճարները: Ստեղ պետք է կա՛մ այդ կամ-կամ-ը վերացնել, կա՛մ ավելի հստակ ներկայացնել, թե որ դեպքերում պետք է կիրառվի այդ ամեն ինչը»:

Կոռուպցիայի ընկալման ցուցիչով Հայաստանը զիջում է հարևան Վրաստանին և Թուրքիային, առաջ է ոչ միայն Ադրբեջանից ու Իրանից, այլև Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրներից։