Հայկական ժամանակի հետ զրույցում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը կարծիք է հայտնել, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունները դրական են, քանի որ այսօրվա գործող իրավակարգավորումները որևէ իրավական հետևանքներ չեն առաջացնում անբարեխիղճ վարքագծի դեպքում, եթե պաշտոնյան ուղղակի շրջանցի օրենքը կամ չպահպանելով այն՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չներկայացնի գույքի և եկամուտների հայտարարագիրը: «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը չունի որևէ իրավական լծակ նրանց վրա ազդելու: Սա գոնե մեկ իրավական լծակ է, երաշխիք է, որ կարող է էթիկայի հանձնաժողովը կիրառել բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ ստիպելու նրանց ապահովել օրենքի պահանջը: Սա կարող է զգոն դարձնել պաշոնյաներին, եթե իրենք այդ ներկայացնելու պահանջը չպահպանեն, վրա կհասնեն իրավական հետևանքներ»:

Ըստ Տիգրանյանի՝ սա միակ և վերջին քայլը չի, որը կարող է պաշտոնյաներին ստիպել, որպեսզի ներկայացնեն հայտարարագրերը. «Մտավախություն ունեմ, որ կստացվի այնպես, որ վարչական տուգանքի մուծումը կդառնա սովորական վարքագծի նորմ և բարձրաստիճան պաշտոնյան նախապատվությունը կտա այդ տուգանքը վճարելուն, բայց չներկայացնելով իրական հայտարարագիրը կամ կներկայացնի սխալ, կեղծ տվյալներով լրացված հայտարարագիր»: Պետք է առաջ քաշվի նաև անբարեխիղճ պաշտոնյայի հետագա պաշտոնավարման հարցը: «Այստեղ պետք է ավելի շատ մի փոքր բարոյական ազդեցություն լինի: Պետք է դրվի, եթե պաշտոնյան դրսևորել է նման վարքագիծ և չի ներկայացրել հայտարարագիր, բացի նրանից, որ լինեն սանկցիաներ, այլև՝ դա հետևանք առաջացնի նրա հետագա պաշտոնավարման համար»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ նախկինում քաղծառայողների համար գործում էր նմանատիպ խիստ իրավակարգավորում և հայտարարագիր չներկայացնելն առաջացնում էր պաշտոնից հեռացման հիմք:

Անդրադառնալով հնարավոր քրեական պատասխանատվության հարցին՝ Հերիքնազ Տիգրանյանը նշեց. «Ես քրեական պատժին կողմակից չեմ, կամ պատիժները խստացնելուն կողմնակից չեմ, ինչքան որ ավելի կարևորում եմ պաշտոնավարման վտանգը պաշտոնյայի համար: Եթե նա իմանա, որ դա ռիսկ է և ինքը կկորցնի պաշտոնը, ինձ թվում է ավելի բարեխիղճ կգտնվի»:

Նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից այդ հայտարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար առաջին փուլով նախատեսել նախազգուշացում, իսկ 30 օրվա ընթացքում հայտարարագիրը չներկայացնելու դեպքում սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: Դրան հաջորդող 60 օրվա ընթացքում խախտումը չվերացնելու և հայտարարագիրը չներկայացնելու դեպքում կնշանակվի տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, իսկ անձը կհամարվի եկամուտների հայտարարագիր չներկայացրած: Նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով տուգանք է նախատեսվել նաև այն դեպքում, երբ հայտարարագրում կլինի սխալ կամ կներկայացվեն ոչ ամբողջական տվյալներ: Ամենաբարձր պատասխանատվությունը նախատեսված է կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տեղեկատվությունը թաքցնելու դեպքում՝ նախատեսելով տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով: Տուգանքները կիրառող մարմինը լինելու է Բարձրաաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: