ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը դեռ մշակման փուլում է։ Սպասվում է, որ նախագծի նախնական տարբերակը կհրապարակվի առաջիկայում և հաջորդ քառօրյայից արդեն կսկսի շրջանառվել Ազգային ժողովում։ Նոր ընտրական օրենսգրքում, ըստ նախնական հայտարարությունների, մտադիր են ամրագրել էլեկտրոնային քվեարկության դրույթը՝ փորձելով կրկնել որոշ երկրների, այդ թվում՝ Ղրղզստանի փորձը։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, որն ուսումնասիրել է Ղրղզստանի փորձը, «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ մաքուր էլեկտրոնային համակարգի ներդրման դեպքում, առանց փաստաթղթային մասի, որևէ օպտիմիզմ չի տեսնում։ Եթե վերցնենք միայն քվեարկության պրոցեսը, երկու խնդիր կա։ Նախ, սովորաբար, խախտումների մասով, պայմանականորեն կարելի է վերցնել բազմակի քվեարկության հետ կապված խնդիրները, որը լինի էլկտրոնային, էլեկտրոնափաստաթղթային կամ փաստաթղթային, միևնույն է, և երկրորդը՝ լցոնումներ, ուրիշի փոխարեն քվեարկություններ։

«Այ, էդպիսի խախտումները՝ անմիջականորեն հենց քվեարկության հետ կապված, էլեկտրոնափաստաթղթային համակարգը, եթե ճիշտ աշխատեցվի, բավականին էֆեկտիվ կլինի, բայց մաքուր էլեկտրոնայինը՝ ոչ», - ասել է նա։ Մաքուր էլեկտրոնային ասելով՝ Վարուժան Հոկտանյանը նկատի ունի այն, երբ քվեարկողը մտնում է քվեախցիկ և էլեկտրոնային տարբերակով է քվեարկում, այսինքն՝ քվեաթերթիկում որևէ բան չի նշում։ «Այս պարագայում շատ լուրջ ռիսկեր կարող են լինել, որովհետև ծրագիրը որքանո՞վ կվերահսկվի և քաղհասարակության, և ընդդիմության կողմից։ Այսինքն՝ հաշվի առնելով փոխադարձ անվստահության բարձր մակարդակը Հայաստանում, հարց է, թե որքանով հնարավոր կլինի բացառել մանիպուլյացիաները»,-ասաց նա։

Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ վերջին ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ ընտրակաշառքն այլևս հին արդյունավետությամբ չի աշխատում։ «Ճիշտ է, կաշառքն էլի աշխատում է, բայց նաև էնպիսի խախտումներ եղան, որոնք ստիպում են ենթադրել, որ կաշառքը չի օգնել, ու ստիպված են եղել և՛ լցոնումներ, և՛ ահաբեկումներ անել և այլն։ Եթե նույնիսկ կաշառքի միջոցով չի ստացվում դա ապահովել, արդեն անցնում են այլ միջոցների»:

Տես «Հրապարակի» նյութը: