փետրվարի 22-23, 2016
Մասնակցության հրավեր

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Բազելի կառավարման ինստիտուտի (ԲԿԻ, Շվեյցարիա) և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի (Հունգարիա) հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը, որի նպատակն է ակտիվացնել քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը Հայաստանում թափանցիկություն ու հաշվետվողականություն խթանող բարեփոխումների գործընթացներում:

Ծրագրի շրջանակներում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) հրավիրում է կառավարման թափանցիկության և հաշվետվողականության հարցերով շահագրգիռ հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) և ակտիվ քաղաքացիական խմբերի ներկայացուցիչներին մասնակցելու «Արդյունավետ հաղորդակցության և քարոզարշավների կազմակերպում» թեմայով դասընթացին, որը տեղի կունենա Երևանում սույն թվականի փետրվարի 22-ից 23-ը:

Դասընթացը կվարի Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ուկրաինա մասնաճյուղի գործադիր տնօրեն, հանրային քաղաքականության փորձագետ Ալեքսի Խմարան: Դասընթացի աշխատանքային լեզուն՝ ռուսերեն:

Դասընթացին մասնակցելու համար կընտրվի 20 մասնակից՝ ամեն կազմակերպությունից ոչ ավել քան մեկ հոգի: Մարզերի մասնակիցների հյուրանոցային և տեղափոխման ծախսերը կհոգա ԹԻՀԿ-ը:

ՔՀԿ-ների ներկայացուցիչների ընտրությունը կկատարվի դիմում-հայտերի հիման վրա ըստ հետևյալ չափանիշների՝

  • Կազմակերպության ոլորտային փորձառությունը հանրային քաղաքականության ջատագովության գործընթացներում;
  • Կազմակերպության առաջիկա պլանները հանրային քաղաքականությանն առնչվող որևէ կոնկրետ թեմայի շուրջ ջատագովություն անելու ուղղությամբ:

Վերը նշված դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել կից դիմում-հայտը և ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին մինչ ս.թ. փետրվարի 17-ը, ժամը 14:00-ը՝ նամակի վերնագրում նշելով դասընթացի անվանումը:

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 010 569589 կամ 010 569689 հեռախոսահամարներով կամ գրել վերը նշված էլեկտրոնային փոստին:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: