Հայաստանի 915 համայնքներից գրեթե 70%-ում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 2016 թ. կարևոր ներքաղաքական իրադարձություն է նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, որի շուրջ քննարկումները են ընթանում: Այդ կապակցությամբ ՀաՄաՏեղ՝ Հանրային մասնակացություն տեղական ինքնակառավարմանը ծրագրի շրջանակում «Մամուլի ակումբ» հաղորդաշարի հերթական հաղորդումն անդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմիններում 2016թ. տեղի ունենալիք ընտրություններին՝ ՀՀ նոր Սահմանադրության ընդունումից հետո և քննարկվող ՀՀ ընտրական օրենսգրրքի մշակման փուլում: Հաղորդման հյուրերն էին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագրերի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ընտրությունների ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը և «Համայնք համատեղ» ամսաթերթի խմբագիր Արևհատ Գրիգորյանը:

Արմեն Գրիգորյանը ներկայացրել է համապետական և ՏԻՄ ընտրությունների տարբերությունները, Քաղաքացի դիտորդ նախաձեռնության գործունեությունը և նոր ընտրական օրենգրքում ԹԻՀԿ առաջարկությունները:

Ըստ Գրիգորյանի՝ նոր համակարգի պայմաններում ազդեցություն է ունենալու կուսակցությունների կայացվածության գործոնը, նրանց ռեսուրս ունենալը, համախմբվելը: Եթե նախկինում հնարավորություն կար, որ քաղաքական նախաձեռնությունները մասնակցեն ընտրություններին, կարող է սահմանափակվի այդ հնարավորությունը և արդեն կուսակցությունները դրան մասնակցեն: Ռեսուրսի տեսանկյունից Հայաստանում խոշոր կուսակցություններ չկան, որ կարողանան կազմակերպել այդ ընտրությունները: Իրականում համայնքների ընտրությունը կարևոր է, քանի որ համայնքներում ինչպիսի դասավորվածություն լինում է, դա էլ վերջում արտահայտվում է համապետական իրավիճակում: Համայնքային ընտրություններում մրցակցությունը քիչ է և տեղ չեն գտնում այն ընտրախախտումներն ու այլ արատավոր երևույթները, որ գոյություն ունեն համապետական ընտրություններում: Բայց համայնքային ընտրություններում էլ ուրիշ երևույթ է տեղի ունենում՝ կարողանում են ճնշման միջոցով ընտրություններից առաջ մրցակցին հանել: Օրինակ՝ Արտաշատում կարող է ընտրություններից առաջ բոլոր թեկնածուները հրաժարվեն և մնա մեկ թեկնածու: Ալտերնատիվ ռեսուրսի պակասի պատճառով համապետական կուսակցություն կարողանում է ունենալ միայն իշխող կուսակցությունը՝ բացառապես վարչական ռեսուրսի օգտագործման պատճառով: Այն տեղական ինքնակառավարում ձևավորելով՝ կարողանում է ընտրակեղծարարությունը կազմակերպել:

2013թ. Քաղաքացի դիտորդ նախաձեռնությունը որոշակի ինստիտուցիոնալ տեսք ստացավ: Եթե 2013-ին կար 200-ից ավելի, ապա 2015թ. հանրաքվեի ժամանակ՝ 1000-ից ավելի դիտորդ, ինչը քաղաքացիական հասարակության զարգացման արդյունքն է: Քաղաքացի դիտորդ նախաձեռնությունն ուներ 24 գործընկեր ՔՀԿ-ներ մարզերում: Նախաձեռնությունը շարունակաբար իրականացնում է ընտրությունների վերահսկողություն՝ ՏԻՄ-ից մինչև համապետական ընտրություններ: Սահմանադրական փոփոխությունները լեգիտիմ չեն: Սակայն, ձախողված փորձից էլ կարելի է դրական դասեր քաղել: Սահմանադրական փոփոխությունը կարևոր դրական նախադեպ էր, և հանրաքվեի ժամանակ ստեղծվեց դիտորդի՝ որպես քաղաքացիան դիրքորոշում ունեցողի և տեղամասում ընտրությունները վերահսկողի դրական իմիջ: Հանրաքվեն առաջացրել է ավելի շատ աշխատելու, ավելի ակտիվ լինելու ցանկություն և համոզմունք, որ կարող ենք հասնել հաջողության, եթե համախմբված ենք, կազմակերպված ենք ու ճիշտ ենք աշխատում;

Որպես ընտրական օրենսգրքում առաջարկվելիք փոփոխություն Արմեն Գրիգորյանն առաջարկում է ընտրությունից հետո ստորագրված ցուցակների հրապարակումը, դիտորդների լիազորությունների ընդլայնումը: