Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրի մասնագետ/հետազոտող Տաթևիկ Բարսեղյանը ս.թ. փետրվարի 5-ին Իջևանի, իսկ փետրվարի 6-ին Հրազդանի քաղաքացիական-երիտասարդական կենտրոններում անց է կացրել «Ինչպե՞ս կարող է երիտասարդությունը պայքարել կոռուպցիայի դեմ» թեմայով ինտերակտիվ դասընթաց, որն ուղեկցվել է գործնական աշխատանքով: Տաթևիկ Բարսեղյանը ներկայացրել է կոռուպցիայի դրսևորումները, պատճառներն ու հետևանքները, կոռուպցիայի վերաբերյալ Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) համաշխարհային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպության որակական ու քանկական ուսումնասիրությունները, կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական բաղադրիչները, շահերի բախման կարգավորումը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջոց, ինչպես նաև հակակոռուպցիոն քաղաքականությունը Հայաստանում՝ անդրադառնալով հակակոռուպցիոն ռազմավարությանը, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին և այլ հարցերի:

Քաղաքացիական-երիտասարդական կենտրոնները բացվել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ իրականացվող «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում:

Կենտրոնների գործառույթներն են

  • Տեղական ակտիվ երիտասարդության համախմբում` հանրային շահերի պաշտպանության գաղափարի և գործողությունների համար
  • Կենտրոնի շահառուների հատուկ ուսուցումներ շահերի պաշտպանության ոլորտում
  • Առողջապահական և կրթական հիմնարկների աշխատանքի մասնակցային մոնիտորինգի իրականացման համակարգում
  • Շահերի պաշտպանության, իշխանությունների և հանրային միջոցների օգտագործող հաստատություների թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացմանն ուղղված այլ գործողությունների նախաձեռնում և իրականացում:

Տես «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» էջը: