«Հայկական ժամանակ». ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) 2015 թ. սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելիս՝ որպես հիմնավորում ներկայացնում էր ատոմակայանի երկար կանգնելը և սակավաջրությունը: Այսինքն, համեմատաբար էժան էլեկտրաէներգիա արտադրող ԱԷԿ-ն ու ՀԷԿ-երը քիչ արտադրանք էին տվել, իսկ «պակասորդը» լրացրել էին ՋԷԿ-երը, որոնց արտադրանքն ավելի թանկ է: Սակայն. իրավիճակը փոխվել է 180 աստիճանով` ԱԷԿ-ը և ՀԷԿ-երը ավելացրել են իրենց արտադրած էլեկտրաէներգիայի ծավալները, իսկ ՋԷԿ-երը` ավելի քիչ էլեկտրաէներգիա են արտադրել: Էներգահամակարգ է մտել ավելի ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա: Սա հիմք չի՞ ստեղծում էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու և նվազեցնելու համար: Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը պնդում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման բոլոր հիմքերն առկա են:

«Երբ 2015 թ. օգոստոսին ՀԾԿՀ-ն բարձրացրեց սակագինը, որպես հիմնավորում ներկայացվում էր ատոմակայանի երկար պարապուրդը, սակավաջրությունը ու նաև դոլար/դրամ փոխարժեքի փոփոխությունը: Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայումը կարող է իրականացվել տարվա ընթացքում երկու անգամ՝ ինչպես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության, այնպես էլ ՀԾԿՀ-ի կողմից: Փետրվարի 1-ը ՀԾԿՀ արդյունավետության գնահատման համար լրացուցիչ փորձաքար է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է փորձագետը:

Մի քանի օրից ՀԾԿՀ-ն արդեն իրավունք ունի վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը: Իսկ վերանայելու հիմքերն ավելի քան բավարար են: «Չնայած Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը 2015 թ. փաստացիորեն նվազել է 12.6%-ով (հազար խորանարդ մետրը 189 դոլարից դարձել է 165 դոլարի), գործնականում խոշոր սպառողները, ինչպես նախկին գնի, այնպես էլ իջեցված գնի պարագայում վճարում են 270 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այսինքն, եթե ռուսական գազի գնի նվազման պայմաններում համարժեքորեն նվազի նաև ջերմաէլեկտրակայաններին մատակարարվող գազի սակագինը, ապա վերջիններս կունենան իրենց արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքի նվազում և հետևաբար, այլ հավասար պայմաններում հանձնաժողովը պետք է իջեցնի էլեկտրաէներգիայի սակագինը»,- ասում է Արտակ Մանուկյանը և ներկայացնում մի քանի փաստական տվյալներ:

«Գնահատումները ցույց են տալիս, որ գազի գնի նվազեցումը շուրջ 5 դրամով նվազեցնում է ՋԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը, ինչը ընդհանուր առմամբ 2 դրամով նվազեցնում է հոսանքի ինքնարժեքը Հայաստանում: Պետք է նշել, որ ՋԷԿ-երի արտադրած հոսանքի ինքնարժեքը, նաև գազի գնի պատճառով, ամենաթանկն է և 2014-2015թթ. ՋԷԿ-երին էր բաժին ընկնում էլեկտրաէներգիայի արտադրության 40 տոկոսը: 2015-2016 սակագնային տարում իրավիճակը փոխվել է. ՋԷԿ-ի արտադրության ծավալները նվազել են 15 տոկոսով, իսկ ավելի էժան էլեկտրաէներգիա արտադրող Ատոմակայանինը և ՀԷԿ-երինը աճել համապատասխանաբար 15 և 11 տոկոսով: Այս ամենն էլ օբյեկտիվ հիմքեր են նախատեսում սակագնի առնվազն 4 դրամ նվազեցման համար»,- իր հաշվարկները ներկայացրել է փորձագետը: Բայց սա դեռ ամենը չէ: Կան սակագնի նվազեցման այլ հիմքեր:

«Վերադառնանք ՀԾԿՀ-ի այն փաստարկներին, որոնք բերվում էին սակագնի բարձրացման ժամանակ.
1) դոլար/դրամ-ազդեցություն. այդ ազդեցությունը հիմա գրեթե չկա, քանի որ դրամը տարածաշրջանի ամենակայուն արժույթն է,
2) սակավաջրություն. այս ազդեցությունն այլևս հակառակ ուղղությունն ունի` տարին ջրառատ է,
3) ատոմակայանի պարապուրդ. սա էլ այլևս չկա` ՀԱԷԿ-ը արտադրել է ավելի շատ հոսանք:

Ինչ վերաբերում է այն փաստարկին, որ սակագնի բարձրացման շնորհիվ պետք է փոխհատուցվեին ՀԷՑ-ի կուտակած այսպես կոչված «օբյեկտիվ վնասները» 24 միլիարդ դրամի չափով, ապա դրա համար տրված էր մեկ տարի ժամկետ: Այսինքն սա նախադրյալներ է ստեղծում, որ 2016թ. օգոստոսին սակագինը այլ հավասար պայմաններում նվազի ևս 6 դրամով` ի հաշիվ այդ վնասների ամբողջական մարման»,- ասում է փորձագետ Արտակ Մանուկյանը:

Բոլոր հիմքերը կան, որ այս տարվա փետրվարից էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցվի առնվազն 4 դրամով, իսկ օգոստոսին` ևս 6 դրամով: Այսինքն, տեսականորեն Հայաստանում մեկ կիլովատտ ժամ էլեկտրաէներգիայի սակագինը կարող է լինել 38-39 դրամ ներկայիս գործող 49 դրամի փոխարեն: «Դե մնում է, որ այս գործոնները տեսնի նաև ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը»,- «լիահույս է» Արտակ Մանուկյանը: