Ազատ մրցակցությունից զուրկ և մենաշնորհված տնտեսությունը Հայաստանի գլխավոր մարտահրավերներից է: Երկիր մեդիա հեռուստաընկերության «Դիտակետում» հաղորդումը ներկայացրել է տնտեսական մենաշնորհի՝ Հայաստանի տնտեսության վրա ունեցած բացասական հետևանքները: Հաղորդման հյուր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է մենաշնորհի հետ կապված մի շարք հարցերի՝ ի՞նչ համակարգերի միջոցով է աշխարհում հաղթահարվում այս խնդիրը, արդյո՞ք նոր սահմանդրությամբ , նոր կառավարման համակարգի միջոցով հնարավոր է առանձնացնել բիզնեսը և քաղաքականությունից, տնտեսական մենաշնորհների ձևավորումն ու ամրապնդումը ինչպիսի՞ կոռուպցիոն գործընթացներով է ուղեկցվում:

Հայաստանի տնտեսությունը մենաշնորհված լինելու պատճառով զրկված է արտադրության ծավալների մեծացումից, արտադրանքի տեսականու նորացումից, որակի բարելավումից, և աճի ապահովումից: Մենաշնորհային շուկայում, որտեղ կա որևէ ապրանքի կամ ծառայության միայն մեկ վաճառող և բացառված է մեկ ուրիշի մուտքն այստեղ, մենատերերերը, չարաշահելով սեփական դիրքը, իրենք են որոշում շուկային առաջարկվող ապրանքի քանակը և գինը: Համաշխարհային բանկի ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանն ունի մենաշնորհների ավելի մեծ առկայություն, քան տարածաշրջանի որևէ այլ երկիր: Մոնոպոլ կառուցվածք ունի հայաստանյան շուկաների 60%-ը: Նույնն է նաև ԱՄՀ-ի գնահատականը: Հայաստանի տնտեսությունը հսկվում է մենաշնորհների և այլ օլիգոպոլ կառույցների կողմից:

Ըստ Վարուժան Հոկտանյանի` մենաշնորհը զուտ հայկական երևույթ չէ: Հայաստանի տարբերությունը արևմտյան երկրներից կայանում է նրանում, որ արևմտյան երկրներում մենաշնորհը տիպիկ չէ, համակարգի տարր չէ: Երբ որ այն հայտնաբերվում է, ազատ մամուլի, քաղաքական լուրջ ընդդիմության բարձրաձայնումների շնորհիվ հետաքննություններ են իրականացվում: Ազատ մամուլի, քաղաքական լուրջ մրցակցության պայմաններում այս երևույթը էապես կարող է կրճատվել:

Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ քաղաքական և բիզնես էլիտաների սերտաճման երևույթը սխալ կլիներ կապել իրավական ակտերի կատարելիության հետ: Եթե կա օրենքը հարգելու մշակույթ, մենաշնորհ չի կարող լինել: Հայաստանում օրենքի գերակայության, սահմանադրության մշակույթը բացակայում է: Եթե արհամարհվում է կամ արվում է ամեն ինչ, որ օրենքը շրջանցվի, սողանցք գտնվի և այդ սողանցքի միջոցով հարցերը լուծվեն, իդեալական սահմանադրության դեպքում անգամ դժվար թե հնարավոր լինի հակամենաշնորհային քաղաքականություն իրականացնել:

Եթե կա իսկապես ազատ շուկայական համակարգ, այդպիսի երևույթները պետք է սահմանափակ լինեն: Դա է ավելի կոնցեպտուալ մակարդակով խնդրի լուծումը՝ ունենալ իսկապես ազատ շուկա, թույլ տալ, որ փոքր և միջին ձեռնարկատիրությունը զարգանա: Այլապես, Հայաստանում փաստաթղթերով ամեն ինչ կարգին է, և մեր քաղաքական գործիչները՝ պատգամավորները, նախարարները բիզնեսով չեն զբաղվում: Բենեֆիցիար սեփականության էությունը նրանում է, որ գտնեն բիզնեսի իրական տերերին: Խնամի-ծանոթ-բարեկամ կլանային համակարգը, որը մեզ մոտ գերիշխում է, կոռուպցիայի դրսևորում է: Բարձրաստիճան պաշտոնյաները միայնակ չեն գործում: Նրանք գործում են ազգուտակով տարբեր բիզնես ոլորտներում:

Պետությունը փորձում է հարկային արտոնություններ տալ: Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ ավելի ճիշտ կլինի ունենալ խաղի արդար կանոններ և թողնել, որ փոքր ու միջին բիզնեսը իսկապես ծաղկի: Դրանով կստեղծվի նաև միջին խավը: Փոքր ու միջին ձեռնարկատերերը շատ ավելի լուրջ կհարստացնեն բյուջեն: Ի վերջո, ամենալուրջ խնդիրը ստվերայնության երևույթն է: Հայաստանում ստվերային տնտեսության մեծ մասշտաբները ինչ-որ չափով համակարգային կոռուպցիայի հետևանք են: