Newsbook.am: ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 8/25 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: 2015թ. դեկտեմբերի 6-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի տեղեկատվական հարթակում հրապարակվել է նյութ առ այն, որ թիվ 112 դպրոցում տեղակայված թիվ 8/25 ընտրատեղամասում ընտրողը 2 անգամ է քվեարկել, իսկ հանձնաժողովը չի արձանագրել խախտումը:

Նախնական քննության տվյալներով՝ նշված ընտրատեղամասում քվեարկելու փորձ է կատարել մեկ այլ՝ թիվ 8/20 ընտրատեղամասի ընտրող Գ.Խաչատրյանը։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ վերջինս 2015 թվականի դեկտեմբերի 6-ին իր ընտրատեղամասում՝ թիվ 8/20, մասնակցել է հանրաքվեին, ապա գնացել թիվ 8/25 ընտրատեղամաս՝ փորձելով այնտեղ ևս քվեարկել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Գ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Տես Newsbook.am-ը: