Հանրային գնումները մեծ դերակատարում ունեն երկրի տնտեսության մեջ: 2014թ. ՀՀ-ում պետական մարմինների կողմից իրականացված գնումների ընդհանուր ծավալը կազմել է ՀՀ 2014թ. պետական բյուջեի մոտ 16.4%-ը՝ մոտ 202 մլրդ. ՀՀ դրամ (hամայնքային ու ՊՈԱԿ-ների գնումների հետ միասին մոտ 252 մլրդ. ՀՀ դրամ): Հանրային գնումների ոլորտը, նրանում շրջանառվող մեծ գումարների պատճառով, զերծ չէ զանազան չարաշահումներից և կոռուպցիոն դրսևորումներից: Դրա մասին են վկայում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ուսումնասիրությունները: Այդ առիթով «Հետքի սրահ»-ի հյուրն էր ԹԻՀԿ գնումների փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը: Նա ներկայացրել է «Պետական գնումների մոնիտորինգային հաշվետվություն 2014-2015թթ.» ուսումնասիրության արդյունքները, մասնավորապես մեկ անձից կատարված գնումները, որ կազմելով ընդհանուր գնումների 65%-ը, դուրս են մրցակցությունից:

Ուսումնասիրությունն անդրադարձել է համակարգի զարգացման միտումներին՝ հետամուտ լինելով նախկինում ժառանգած համակարգային խնդիրներին: Իսկ 15% գնային նախապատվության դրույթը թույլ է տալիս պնդել, որ ՀՀ պետական գնումների օրենսդրությունը հետընթաց է ապրել։ Արտակ Մանուկյանը ոչ միայն տվել է ինչո՞ւ չի զարգանում գնումների ոլորտը, ի՞նչ խանգարող հանգամանքներ կան և այլ հարցերի պատասխաններ, այլև ներկայացրել է ԹԻՀԿ առաջարկությունները, այդ թվում ԵՏՄ պետական գնումների միասնական պորտալ ստեղծելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կընձեռի բարձրացնել հաշվետվողականությունը և թափանցիկությունը։

Մեկ անձից գնումների մասով՝ որպես ուսումնասիրության տեղեկատվական բազա ծառայել են ինչպես Գնումների աջակցման կենտրոնի հաշվետվությունները, այնպես էլ www.e-gov.am կայքում «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժնի ներբեռնված պայմանագրերը: Կա խորքային խնդիր: Ֆիլտրման ժամանակ տվյալները արհեստականորեն ցույց են տալիս ավելի քիչ մեկ անձով պայմանագրեր, քան կա տեղեկատվական բազայում:

Կարծես թե գործ ունենք իմիտացիոն բարեփոխումների հետ, երբ չկա քաղաքական կամք: Պետական գնումները գնալով ավելի քիչ սուբյեկտների միջև են իրականացվում, և նկատվում է համակենտրոնացման աստիճանի աճ: Այժմ կա շուրջ 168 մասնակից, որ շահում են բոլոր «յուղոտ» տենդերները: Դաշտը բաժանված է, և պետական քաղաքականության միջոցով փորձ չի կատարվում շուկայում ստեղծված գերիշխանությունը ջարդել, ինչը նոր խաղացողների համար դժվարություններ կառաջացնի: Ոչ պատշաճ է իրավակիրարկման խնդիրը: Հայաստանը, որպես ԱՀԿ պետական գնումների համաձայնագրի անդամ, ունի լավ օրենքներ առանց ինստիտուտներ ստեղծելու ու զարգացնելու: