Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկրորդ` 2015 թ. դեկտեմբերի 28-ի նիստում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների լրամշակված նախագծերը, որոնք առնչվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի ներկայացմանն ու դրանց իսկությանը: Դրանցով առաջարկվում է հայտարարագրերի ներկայացման ժամկետները խախտելու, կեղծ տվյալ ներկայացնելու, հայտարարագրման ենթակա տեղեկատվությունը թաքցնելու և այլ դեպքերում պատասխանատվության մեխանիզմներ կիրառել ու տուգանքներ սահմանել: Այդ կապակցությամբ Lragir.am-ը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հետ:

Վարուժան Հոկտանյանը կարևորում է քաղաքական կամքի առկայությունը, որպեսզի իսկապես հետաքննություն անցկացվի: Նա նաև գտնում է, որ միայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որը տուգանքները կիրառող մարմինն է լինելու, ի վիճակի չէ լուծելու հայտարարագիր չներկայացնելու կամ կեղծ տվյալներ ներկայացնելու խնդիրները: Հայտարարագիրը չներկայացնելու դեպքում առաջին անգամ նախազգուշացում է տրվելու պաշտոնատար անձին, իսկ 30 օրվա ընթացքում հայտարարագիրը չներկայացնելու դեպքում տուգանք է սահմանվելու՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: Դրան հաջորդող 60 օրվա ընթացքում խախտումը չվերացնելու և հայտարարագիրը չներկայացնելու դեպքում տուգանք է նշանակվելու նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, իսկ անձը կհամարվի եկամուտների հայտարարագիր չներկայացրած:

Ի պատասխան Հոկտանյանի այն հարցին, թե հայտարարագիր չներկայացվածը ինչ հետևանք է ունենալու, նախարարը հայտնել է, որ մշակվում է Քրեական նոր օրենսգիրքը, և այդ դեպքում քրեական պատասխանատվության հարց է բացվում: Նույնը կեղծ տվյալների դեպքում է լինելու:

Բարդ է հայտարարագրերի արժանահավատության խնդիրը: «Երկրորդ հարցն այն է, որ ենթադրենք վարույթ է հարուցվում և արդեն բացվում է արժանահավատության հարցը, որքանո՞վ ֆորմալ կլինի այդ հայտնաբերելը: Կա մեկ տարբերակ, կարծես թե ստեղծվում է տվյալների փոխանակման ցանց, որպեսզի Էթիկայի հանձնաժողովն տվյալներ ունենա տարբեր մարմիններից, օրինակ, Պետռեգիստրից, համեմատի տվյալները, և պարզի, թե արդյոք բարձրաստիճան անձը չի թաքցրել տվյալներ»:

Բացի ունեցվածքը հայտարարագրելուց, որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ վերջին տարիներին գումարի տեսքով նվիրատվություններ են ներառել իրենց հայտարարագրերում: Հոկտանյանի խոսքով՝ պետք է հստակեցնել, թե նվիրատվությունների վերաբերյալ հարցերն ինչպես են լուծվելու, կամ եթե նվիրատվություն և այլ եկամուտ է ստացել տվյալ անձը և դա չի հայտարարագրել, ինչ պետք է անել: Երբ պաշտոնատար անձը չի ներկայացնում իր ունեցվածքն ամբողջությամբ, դա կոռուպցիայի հետևանք կարող է լինել: Իսկ դրանով պետք է զբաղվեին իրավապահ մարմինները:

«Այսինքն՝ այստեղ տեսնում եմ ոչ այնքան Էթիկայի հանձնաժողովի դերը, այլ թե որքանո՞վ էֆեկտիվ կաշխատի իրավապահ մարմինը՝ բացահայտելու կոռուպցիոն դեպքերը: Պետք է կենտրոնանալ իրավապահ մարմինների գործողությունների վրա, որ գործը չհասնի նրան, որ հայտարարագրերում կասկածելի թվեր լինեն: Եթե իրավապահ մարմիններն ավելի արդյունավետ աշխատեն, նրանք կարող են հայտնաբերել կաշառքի դեպքեր, այդ դեպքում հայտարարագրում նվիրատվության դեպք չի լինի, այլ լրիվ ուրիշ հետևանքներ կլինեն»:

Տես Lragir.am-ը: