Ազատություն ռադիոկայան. ՀՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է թանկարժեք գնումները Դիլիջանի ուսումնական կենտրոնի համար: Այս անգամ շուրջ 250 միլիոն դրամի կահույք է գնվել: Գնման պայմանագիրը առանց բաց մրցույթի կնքվել է «Վի ընդ բի սթայլ» ընկերության հետ, որը մեկ ամիս առաջ ուսումնական կենտրոնին 41 միլիոն դրամի խոհանոցային սպասք էր մատակարարել: Կենտրոնի համար այս անգամ էլ առանց բաց մրցույթի շինարարական պատվեր է ստացել «Սահակյանշին» ընկերությունը, որն ավելի քան 160 միլիոն դրամով պետք է կառուցի 5 քոթեջների ճանապարհները: Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ասում է, որ Դիլիջանի ուսումնական կենտրոնի վրա կատարված շռայլ ծախսերը կարող են արդարացված համարվել, եթե այն դառնա տարածաշրջանային ուսումնական կենտրոն: Այդ դեպքում էլ անգամ Հոկտանյանի համար ընդունելի չեն նման մեծ ծախսերը աղքատության և ծանր տնտեսական պայմաններում:

Տես Ազատություն ռադիոկայանի նյութը: