Նոր զեկույցը ցույց է տալիս, որ կոռուպցիան խափանում է կլիմայի փոփոխությանն ու պարենի անբավարարությանը դիմակայելուն ուղղված միջազգային հանրության ջանքերը

25 հունիսի 2008թ., Բեռլին/ Նյու Յորք:

Համաձայն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) կազմակերպության այսօր հրապարակած «Կոռուպցիայի վերաբերյալ 2008թ համաշխարհային զեկույց. կոռուպցիան ջրային ոլորտում» զեկույցի` կոռուպցիան ջրային ոլորտում ջրի համաշխարհային ճգնաժամի հիմնական պատճառն է և կատալիզատորը, որը սպառնում է միլիարդավոր մարդկանց կյանքին և արագացնում շրջակա միջավայրի դեգրադացիան:

«Ջուրն անփոխարինելի ռեսուրս է: Այն կենսական նշանակություն ունի մեր առողջության, սննդի անվտանգության, էներգետիկայի ապագայի և էկոհամակարգի համար: Սակայն կոռուպցիան խոչընդոտում է ջրային ռեսուրսների կառավարմանը և վերոնշյալ բնագավառներում ջրօգտագործմանը», - նշում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության վարչության նախագահ Հուգետ Լաբելը:

Իր տեսակի մեջ առաջին այս զեկույցը, որն անդրադառնում է ջրային ոլորտի տարբեր հատվածներում կոռուպցիայի հետևանքներին ու ծավալներին, մի շարք խնդիրներ է վեր հանում` սկսած ջրամատակարարման ոլորտում մանր կենցաղային կաշառակերությունից մինչև ոռոգման համակարգերի և հիդրոէլեկտրակայանների համար նախատեսված պետական միջոցների վատնումը, արդյունաբերական ձեռնարկությունների կողմից շրջակա միջավայրի աղտոտման փաստերի կոծկումից մինչև ջրային ռեսուրսների կառավարման և բաշխման հետ կապված մեքենայությունները:

«Կոռուպցիայի ազդեցությունը ջրային ոլորտի վրա պետական կառավարման հիմնախնդիր է, որը, սակայն, շրջակա միջավայրի կայունության, զարգացման և պարենային ու էներգետիկ անվտանգությանն ուղղված միջազգային մի շարք նախաձեռնությունների շրջանակում բավարար ուշադրության չի արժանացել: Նման մոտեցումն անհրաժեշտ է փոխել»,- ավելացնում է տիկին Լաբելը:

Ինչպես ցույց է տալիս «Կոռուպցիայի վերաբերյալ 2008թ. համաշխարհային զեկույցը», ջրային ոլորտում կոռուպցիայի դեմ քայլերի ձեռնարկումը կլինի և ժամանակին, և իրականանալի: Այդ առումով զեկույցի առանցքային առաջարկություններն են.

* Սահմանել թափանցիկությունը և հանրային մասնակցությունը որպես ջրային ռեսուրսների կառավարման բոլոր ասպեկտների ղեկավար սկզբունքներ. Սկսած թափանցիկ բյուջետային գործընթացից և քաղաքական որոշումների ընդունման մեջ հանրային ներգրավվածությունից մինչև ջրային ռեսուրսների աղտոտվածության քարտեզագրումը` ջրային ոլորտին առնչվող ծրագրերի հանրային հսկողությունը և պայմանագրերում սահմանված պայմանների ու կատարողական հաշվետվությունների մատչելիությունը, թափանցիկությունը և հանրային մասնակցությունը կուժեղացնեն օրինավոր կառավարումը ջրային ոլորտի կառավարման հարցերում, սակայն անհրաժեշտ է, որ այդ սկզբունքներն ընդունվեն ողջ միջազգային հանրության կողմից:

* Ուժեղացնել վերահսկողությունը. Կառավարությունն ու հանրային ոլորտը շարունակում են կարևորագույն դերակատարություն ունենալ ջրային ռեսուրսների կառավարման մեջ և պետք է սահմանեն արդյունավետ վերահսկողություն` լինեն դրանք շրջակա միջավայրի պաշտպանությունը, ջրամատակարարումը և ջրահեռացումը, գյուղատնտեսությունը կամ էներգետիկան: Ինստիտուցիոնալ բարեփոխումներն ու կարողությունների հզորացումը էական նշանակություն ունեն ջրային տնտեսության վերահսկողության չափանիշների համար` հասցնելու դրանք այլ հատվածներում արդեն գործող չափանիշների մակարդակին:

* Ապահովել արդար մրցակցություն և հաշվետվողական իրականացում ջրային ռեսուրսների հետ կապված ծրագրերում. Բոլոր շահագրգիռ կողմերը պետք է դերակատարություն ունենան: Անհրաժեշտ է, որ պայմանագրերը ներառեն հակակոռուպցիոն բնույթի գործողություններ: Կառավարություններն ու կապալառուները կարող են իրենց միջև կնքել արդար հանրային գնումների համաձայնագրեր: Վարկատուներն ու դոնորները պետք է ուժեղացնեն հակակոռուպցիոն դրույթներն իրավաֆինանսական վերահսկողության իրենց պահանջներում:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը Ջրօգտագործման և ջրամաքրման միջազգային կենտրոնի, Ստոկհոլմի ջրի միջազգային ինստիտուտի, Շվեդական ջրի տան և Աֆրիկայի ջրօգտագործման և ջրամաքրման ծրագրի հետ համատեղ 2006թ. հիմնադրել են Ջրային ռեսուրսների օրինականության ցանցը (Water Integrity Network - WIN): WIN-ը այսօր կազմակերպությունների և անհատների աճող ցանց է, որ պայքարում է կոռուպցիայի դեմ ջրային ոլորտի բոլոր հատվածներում: «Կոռուպցիայի վերաբերյալ 2008թ. համաշխարհային զեկույցը» ստացել է WIN-ի փորձագիտական և ֆինանսական աջակցությունը:

«Կոռուպցիայի վերաբերյալ 2008թ համաշխարհային զեկույցի» փաստաթղթերի ամբողջական փաթեթը անգլերեն լեզվով