ԵԽԽՎ 1609 բանաձևի կատարման վերաբերյալ ս.թ. հունիսի 17-ին Քաղաքացիական ազգային նախաձեռնություն կազմակերպության դահլիճում տեղի ունեցած քննարկմանը «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխությունների ընդունման ընթացքի վերաբերյալ բանախոսությամբ հանդես է եկել ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: Նա նշել է, որ առանց շահագրգիռ կողմերի ներգրավման` իշխանությունների հապշտապ իրականացվող գործընթացները ոչ թափանցիկ են և կամայականությունների ու խտրականության հիմքեր են ստեղծում` սահմանափակելով մարդու իրավունքները:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով, մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննության կազմակերպման մասով 1609 բանաձևում նշված պահանջների կատարմանն ուղղված իշխանությունների բոլոր քայլերը իրականում իմիտացիա են և ուղղված են կատարված հանցագործությունը կոծկելուն: Փաստաբան Վահե Գրիգորյանը ներկայացնելով քաղաքական հետապնդումների և քաղբանտարկյալների խնդիրը, նշել է, որ նախաքննությունները և դատավարությունները ընթացել են բազմաթիվ խախտումներով:

Հանդիպման վերջում մասնակիցներն ընդունել են հայտարարություն` ներկայացնելով իրենց դիրքորոշումը Հայաստանի կողմից 1609 բանաձևի կատարման վերաբերյալ, ինչպես նաև որոշել են դիմել ԱԺ ընդդիմադիր խմբակցության նախագահ Ր. Հովհաննիսյանին` խնդրանքով, որպեսզի հայտարարության դրույթները ներկայացվեն ԵԽԽՎ առաջիկա նիստի ընթացքում:

Մանրամասների համար տես Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտարարությունը ԵԽԽՎ 2008թ. ապրիլի 17-ի թիվ 1609 բանաձևի պահանջների իրականացման վերաբերյալ