Թեղուտի պաշտպանության շարժման ակտիվիստները հունիսի 11-ին միացան Թեղուտ և Շնող գյուղերի մոտ 50 բնակիչներ բողոքի ցույցին Կառավարության շենքի դիմաց` պահանջելով «Հեռու մնալ Թեղուտի անտառներից»: Թեև տարբեր իրավապաշտպան և բնապահպանական կազմակերպություններ արդեն կես տարի պայքարում են Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ, գյուղի բնակիչներն առաջին անգամ էին եկել մայրաքաղաք` անձամբ իրենց հարցը բարձրացնելու: Գյուղացիներին մտահոգում էր ոչ միայն խնդրի բնապահպանական կողմը, այլև իրավական. նրանց հավաստմամբ` ոտնահարվում են իրենց սեփականություն ունենալու իրավունքները:

Թեղուտի պաշտպանության խմբի անդամ, ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի կարծիքով պայքարը չեն դադարեցնելու, քանի որ սա կարող է նախադեպ դառնալ այլ հանքավայրերի անխնա շահագործման համար: Ըստ Սոնա Այվազյանի` Քաջարանից հետո մոլիբդենի ևս մեկ հանքավայր շահագործելը Հայաստանի համար պարզապես կործանարար կլինի: