Ս.թ. դեկտեմբերի 9-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել է Մեդիա Կենտրոնի քննարկմանը՝ ներկայացնելով սահմանադրական հանրաքվեի տվյալների նախնական վերլուծությունը: «Մեդիա կենտրոնի» մամուլի հաղորդագրության մեջ ասված է. «ԹԻ կողմից գործարկվող «Ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգի» ծրագրի շնորհիվ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 20.00-ին ԿԸՀ-ի հրապարակած տվյալներում և ավելի ուշ արդեն ԿԸՀ-ի կողմից հրապարակված նախնական արդյունքների մասին արձանագրությունում ներկայացված տվյալներում առկա են որոշ անհամապատասխանություններ:

Մասնավորապես` ըստ արձանագրության 1/09 տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը 40-ով պակաս է եղել, քան հրապարակվել էր 20.00-ին ԿԸՀ ներկայացրած արդյունքներում: Իսկ ահա 1/25-ում այդ տարբերությունը կազմել է 183 հոգի, այս դեպքում` ավել: Առավել նկատելի տարբերություն է առկա Նոր Նորքի 2/13–ում, որը կազմում է 414 հոգի, և դարձյալ` մասնակիցների թիվը ավելացել է ի համեմատ 20.00-ին ԿԸՀ հրապարակած տվյալների:

Ծրագիրը հնարավորություն է տալիս ներբեռնելով փնտրման համապատասխան ցուցիչը` պարզել «այո»-ի և «ոչ»-ի մասնակցության ցուցանիշները ըստ տեղամասերի, ըստ բնակավայրերի, մարզերի և տարածաշրջանների: Նաև մասնավորեցված են տվյալներն ըստ ընտրողների ընդհանուր թվի և մասնակիցների: Ըստ էության` հանրաքվեի արդյունքների վերաբերյալ ցանկացած ցուցանիշով այս ծրագրով կարելի է ստանալ համապարփակ տեղեկատվություն` ամենայն մանրամասնությամբ:

Եվ չնայած սրան` ըստ Վարուժան Հոկտանյանի, առայժմ ոչ պետական մարմինների, ոչ էլ ընդդիմության կողմից առանձնակի հետաքրքրություն չի ցուցաբեվել այս կարևոր գործիքի կիրառման և ընտրությունների արդյունքների համապարփակ վերլուծության նպատակով: Անդրադառնալով ՀԱԿ-ի կողմից հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու մտադրությանը` Վարուժան Հոկտանյանը նախ նշեց, որ ՀԱԿ-ը այս ծրագրի տվյալներն արդեն իսկ մեկ անգամ` 2012-ի Աժ ընտրությունների ժամանակ օգտագործել է` դրանց արդյունքները ՍԴ-ում վիճարկելիս: Սակայն հիմա նա թերահավատ է, որ ՀԱԿ-ին կհաջողվի հավաքել Սահմանադրությամբ պահանջվող պատգամավորների 1/5-ի ստորագրությունները. «Դժբախտաբար այսօր 27 պատգամավորի ստորագրություն ՀԱԿ-ին չի հաջողվի հավաքել, եթե անգամ միանան ՀԱԿ-ի, Ժառանգության և ՕԵԿ-ի պատգամավորները»:

Վարուժան Հոկտանյանը ընդգծեց, որ այս ընթացքում արձանագրվել են ավելի քան 900 խախտումներ, սակայն եղել է վերահաշվարկի 78 դիմում: «Ահա այս գործիքի միջոցով հնարավոր է ամրապնդել կամ ժխտել բողոքները: Օրինակ, եթե որևէ ընտրատեղամասում կան լցոնումների վերաբերյալ բողոքներ, ահա այս համակարգի միջոցով վեր հանելով թվերը, կարող ենք տեսնել. եթե բավականին մեծ է «այո»-ի ցուցանիշը, ապա այս դեպքում լցոնումների մասին ահազանգերի համար իսկապես լուրջ հիմքեր կան, իսկ եթե այդ ցուցանիշը փոքր է, ապա լցոնումներ չեն եղել, կամ եղել են այլ երևույթներ: Հենց սա է այս գործիքի նպատակը. օգնել դիտորդներին կամ կուսակցություններին` ամրապնդելու կամ ժխտելու խախտումների առկայությունը»,- պարզաբանեց Հոկտանյանը»:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի քննարկումների համակարգող: