2015թ. դեկտեմբերի 6-ին, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն հաղորդում են ստացել Թիվ 19/15 տեղամասում հանրաքվեի ընթացքին հետևող Asparez.am լրատվական կայքի (այսուհետ` Ասպարեզի) ներկայացուցիչ Մելինե Ավագյանից և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Անի Գևորգյանից, որի համաձայն՝ թիվ 19/15 տեղամասային հանձնաժողովի անդամներն արգելում են իրենց արդյունավետորեն դիտարկել ընտրողների ստորագրած ցուցակները, մասնավորապես` արգելվում է ծանոթանալ ընտրողների ցուցակներին և նշումներ կատարել դրանց վերաբերյալ իրենց մոտ եղած թղթում: Հաշվի առնելով այդ հաղորդումը և լիազորված լինելով հանդես գալու Մելինե Ավագյանի անունից` «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության փաստաբանները նրա անունից դիմում են ներկայացրել ԿԸՀ այն մասին, որ խախտվում է ԶԼՄ ներկայացուցչի՝ ընտրողների ցուցակներն արդյունավետորեն դիտարկելու իրավունքը և պահանջել վերացնել այդ խախտումը:

Ս.թ. դեկտեմբերի 7-ին վերոնշյալ ՀՀ գլխավոր դատախազությունը տարածել է տեղեկատվություն (http://www.aravot.am/2015/12/07/636987), որում նշված է բառացիորեն հետևյալը. «Տ. Մուկուչյանը տեղեկացրել է, որ «asparez.am» լրատվական կայքի լրագրող Մելինե Ավագյանի անունից ներկայացված դիմումի կապակցությամբ անձամբ իր կողմից տեղեկատվություն ճշտելիս պարզվել է, որ ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Նա որևէ մեկին չի խնդրել իր անունից ներկայացնել դիմում և ուղարկվել է կարճ հաղորդագրություն նշվածի վերաբերյալ (կից ներկայացված է լուսապատճենը):»

Սույն հայտարարության բովանդակության վերաբերյալ հստակեցումներ անելու նպատակով դեկտեմբերի 7-ին կապ է հաստատվել asparez.am կայքի ներկայացուցիչ Մելինե Ավագյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնել է, որ դեկտեմբերի 6-ին, քվեարկության օրվա ընթացքում, Տիգրան Մուկուչյանն անձամբ զանգահարել է իրեն և ասել, որ Մելինեի անունից դիմում է ուղարկվել ԿԸՀ, ըստ որի՝ իրեն թիվ 19/15 հանրաքվեի տեղամասում ճնշում են և ուրիշ «վատ-վատ բաներ» է ասել: Ասպարեզի ներկայացուցիչը հայտնել է Տիգրան Մուկուչյանին, որ նման բան չկա, ինչին ի պատասխան վերջինս ստիպել է լրագրողին զանագահարել «ընտրական էդ ամբողջ բանին» (մեջբերում ենք բառացի) և հայտնել, որ նման բան չկա:

Մեզ հետ հեռախոսազրույցում Մելինե Ավագյանը հաստատել է, որ իրենց, իսկապես, թույլ չեն տվել դիտարկել ընտրողների ցուցակները և դրանցից նշումներ կատարել` պատճառաբանելով, որ իրենք խանգարում են հանձնաժողովի աշխատանքներին և պետք է սպասեն ու ցուցակներից նշումներ կատարեն քվեարկության ավարտին:

Փաստորեն, ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ահազանգերին արձագանքելու փոխարեն սկսել է անձամբ զանգահարել ԶԼՄ ներկայացուցիչներին և, օգտվելով վերջիններիս անփորձությունից, ճնշում գործադրել՝ տալով նրանց ապատեղեկատվություն, մոլորության մեջ գցել նրանց, մասնավորապես, հայտնելով իրեն հասցեագրված դիմումի բովանդակության հետ կապ չունեցող տեղեկություններ այն մասին, որ իրենց նեղում են և ճնշում` այդպիսով ստիպելով հրաժարվել դիմումներից:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի նման գործելաոճը և հորդորում վերջինիս իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները, մասնավորապես՝ հետամուտ լինել սույն թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների արդյունավետ քննությանը և խախտումներ կատարած անձանց օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելուն:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն