Lratvakan Radio FM106.5-ի «Թարմ ուղեղով» հաղորդաշարի հյուրն էր Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը: Նա ներկայացրել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության աշխատանքը: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որին միացել են մի շարք այլ ՀԿ-ներ և անհատներ, 1000-ից ավելի դիտորդներով, դիտորդական առաքելություն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ավելի քան 500 ընտրատեղամասերում: Նախաձեռնության խնդիրն էր դիտարկել և վերահսկելի դարձնել, որ պահպանվի ու տեղ հասնի ընտրողի քվեն և պահպանվեն ընթացակարգերը: Ընտրվել են ավանդաբար վիճահարույց տեղամասեր՝ ելնելով մի քանի չափորոշիչներից: Ծածկվել են մեծ քաղաքների և հարակից գյուղերի տեղամասեր, ուր նախորդ ընտրությունների ժամանակ եղել են վիճահարույց դեպքեր:

Տեղամասերում աշխատող դիտորդները հեռախոսներով SMS հաղորդագրություններ են ուղարկում, որն անմիջականորեն երևում է ահազանգերի քարտեզի վրա: Այնուհետև դիտորդի հետ կապի մեջ է մտնում օպերատորը, ճշտելով, թե ինչպես և ինչ հանգամանքում է տեղի ունենում խախտումը: Արձանագրվում է փաստը և եթե դիտորդը կարողանում է տեսանկարահանել կամ լուսանկարել խախտման փաստի մասին, դրանք կցվում են որպես ապացույցներ և դրանց հիման վրա իրավաբանների թիմը կազմում է դիմումներ և բողոքներ կամ հանցագործության հատկանիշների դեպքում՝ պատրաստում հաղորդում հանցագործության մասին և ներկայացնում են իրավապահ մարմիններին: Քարտեզում կան 800-ից ավելի ահազանգ, այդ թվում՝ քրեորեն պատժելի արարքների վերաբերյալ:

Որոշ փաստեր ցույց են տալիս, որ հանձնաժողովականների կողմից թույլատրելի էր, որ խախտումներ կատարվեն՝ իրենց անգործությունը նշանակում է, որ իրենց թողտվությամբ է դա կատարվում: Իսկ իշխանությունները ապացուցեցին, որ ամեն միջոցի պատրաստ են դիմել այս հանրաքվեի «այո»-ի համար:

«Անջատված լույս, կորած կնիք, լցոնումներ, քվեաթերթիկների խառնում, ընտրատեղամասից դուրս հանում, հանձնաժողովի նախագահի ինքնազգացողության «պատահական» վատացում, դիտորդների ահաբեկում. «ԱՅՈ»-ի հաղթանակի հակառակ կողմը: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը ներկայացնում է Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քրոնիկոնը», - նշված է lratvakan.am-ի էջում: