Թեղուտի ճակատագրով մտահոգ երիտասարդները ՀՀ կառավարության նիստի օրը հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց` լուռ նկարչությամբ իրենց բողոքն արտահայտելու Թեղուտի հանքերի շահագործման դեմ: Նկարչության թեման էր «Կանաչ Հայաստան». նկարում էին ծառեր, ծաղիկներ, կենդանիներ, այն ամենը, ինչից չէին ցանկանա զրկվել մի քանի հոգու գերշահույթ ստանալու ցանկության պատճառով: Ակցիայի մասնակիցները հետաքրքրվողներին ներկայացնում էին, թե պղնձամոլիբդենային գործարանի շահագործմամբ ինչ խնդիրներ կարող են ծագել:

Նկարչությունից հետո երիտասարդները բողոքի ակցիա անցկացրին նաև «Վե-Տե-Բե» բանկի հայաստանյան ներկայացուցչության դիմաց, քանի որ ընդամենը օրեր առաջ բանկը 257 միլիոն դոլարի վարկ էր հատկացրել Թեղուտի հանքավայրի շահագործմամբ զբաղվող «Էյ-Սի-Փի» ընկերությանը:

Թեղուտի պաշտպանության խումբը մայիսի 15-ին նամակ է հանձնել վարչապետին` պահաջելով վերանայել հանքավայրի շահագործման վերաբերյալ կառավարության որոշումը: Ըստ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի` Թեղուտի պաշտպանության խմբի մի քանի ներկայացուցիչներ երեկոյան հանդիպելու են վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ` քննարկվելու իրենց ներկայացրած պահանջները: