Ս.թ. դեկտեմբերի 4-ին Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) և Քաղաքացի դիտորդ նախաձեռնության հայաստանյան չորս կազմակերպությունների ներկայացուցիչները: Նրանք անդրադարձել են հանրաքվեի քարոզչության փուլի անհավասար պայմաններին, Քաղաքացի դիտորդ նախաձեռնության աշխատանքներին, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կայքում գործելիք ահազանգերի քարտեզին, hanraqve.com կայքին: ԹԻՀԿ փոխտնօրեն Սոնա Այվազյանը ներկայացրել է Քաղաքացի դիտորդ նախաձեռնության կազմակերպչական աշխատանքները:

Ըստ Այվազյանի՝ Քաղաքացի դիտորդը հանդես է գալու ընդլայնված կազմով՝ ավելի քան 900 դիտորդներով, պատրաստվելով ծածկել Հայաստանի ամբողջ տարածքը, լինել բոլոր մարզերում և Երևանի բոլոր համայնքներում, ներգրավելով կազմակերպություններ, հանրային լրագրողներ, միջազգային գործընկերներ, որ զրկվել են հանդես գալ որպես միջազգային դիտորդ:

Քննարկման մյուս բանախոսներն էին Նորվեգյան հելսինկյան կոմիտեի ու Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) ներկայացուցիչ Լենե Վեթելանդը, «Իրավունքի Եվրոպա» միավորում ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Լենե Վեթելանդը ներկայացրել է կազմակերպության առաքելությունը և որ իրենց համար խնդրահարուց է դարձել այս տարի հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականցնելը, քանի որ ամբողջ կազմակերպությունը զրկված է դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորությունից: «Հանրաքվեի համար մեր միջազգային փորձագետները չեն կարողացել հավատարմագրվել՝ որպես միջազգային դիտորդներ: Մենք դիմել ենք ԿԸՀ-ին և երկար ժամանակ անց փորձել ենք դա անել, բայց պարզվեց որ մենք չենք կարող լինել միջազգային դիտորդ»:

Տես Մեդիա կենտրոնի մամուլի հաղորդագրությունը, Հայաստանի հանրային ռադիո, 1in.am, Lratvakan.am,