«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության «Վերահսկի՛ր հանրաքվեն» քարոզարշավը իրականացվում է ընտրողների ցուցակների ուռճացումը կանխելու նպատակով: Քարոզարշավը քաղաքացիներին է դիմում հետևյալ կոչով. «Եթե դուք կամ ձեր հարազատները, ընկերները, հարևանները, ծանոթները հանրաքվեի օրը բացակայելու են Հայաստանի Հանրապետությունից և չեք մասնակցելու քվեարկությանը, հայտնեք այդ մասին` համապատասխան անունները նշելով hanraqve.com կայքում: Ընտրությունների կեղծման նպատակով ուռճացվում են ընտրողների ցուցակները` դրանցում ընդգրկելով մահացած, գոյություն չունեցող կամ Հայաստանում չհաշվառված մարդկանց: Սա արվում է նրանց փոխարեն քվեարկելու նպատակով: Քվեարկություն է կատարվում նաև Հայաստանից բացակայող կամ քվեարկությանը չմասնակցած անձանց փոխարեն: Այս ընտրակեղծիքները հնարավոր են քանի որ ընտրողների ստորագրած ցուցակները գաղտնիացված են, ինչը ընտրությունների զանգվածային կեղծման հիմնական գործիքն է: Վերոնշյալ ընտրակեղծիքները կանխելու նպատակով անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ոք այս համակարգի միջոցով նշի՝ մասնակցելու է քվեարկությանը թե ոչ՝ կանխելով իր փոխարեն քվեարկելու հնարավորությունը»: