«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Դիտակետում» հաղորդաշարն անդրադարձել է պետական բյուջեի միջոցների չարաշահումներին: Չնայած ՀՀ կառավարության ներկայացրած տվյալների համաձայն տարեցտարի բարելավվում են Հայաստանի համախմբված բյուջեի ցուցանիշները, այդ ցուցանիշների առարկայական դրսևորումներ ազգաբնակչության կենսամակարդակում դեռևս չեն նկատվում: Մեր երկրում աղքատության պաշտոնական ցուցանիշը շարունակվում է մնալ տարածաշրջանում ամենաբարձրը՝ 34%, իսկ նվազագույն աշխատավարձը՝ 55 հազար դրամ: Այդ կապակցությամբ «Դիտակետում»-ը զրուցել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գնումների փորձագետ Արտակ Մանուկյանի հետ, ով հիմնավորել է, թե ինչու է ներկա աճը հրամցված ավելի շատ, քան իրականը:

Ըստ Արտակ Մանուկյանի՝ ՀՀ-ն պետական բյուջեով որևէ կարգի հեռանկարային խնդիր չի լուծում: Պետությունն ընդամենը իրավիճակային լուծումներ է դնում և երբեք ռազմավարական պլանավորում չի իրականացնում: Հիմնական առանցքային կոռուպցիոն ռիսկերը թաքնված են պետական գնումներում, քանի որ բոլոր (ներկայացուցչական և այլն) ծախսերը իրականացվում են պետական գնումների համակարգի միջոցով: Տարբերությունը շուկայական գների և այն գների միջև, որը պետությունն է ձեռք բերում սովորաբար գերազանցում է 15%-ը և ոչ ի օգուտ պետության: Երբ ուսումնասիրում ենք նախարարությունների ծախսերը պետական գնումների հաշվետվությունում, տեսնում ենք, որ գներն են ուռճացված և անհասկնալի է «բիզնես կլասով» շուրջ 3 անգամ ավելի թանկ ձեռքբերումները սովորական «էկոնոմ կլասի» համեմատ: Պետական համակարգի արդյունավետությունը հեռու է բավարար լինելուց: Պետք է մոտիվացիոն մեխանիզմներ ստեղծել, որ առանց կոռուպցիոն ռիսկերի մեջ մտնելու աշխատեն պետական համակարգում: Պետք է միջոցներ ձեռնարկել այլընտրանքային էներգետիկայի զարգացման համար:

Մեր ներկա պետական համակարգը գերուռճացված է: ՀՀ պետական պարտքը կազմում է ՀՆԱ 52,8 %-ը: Քանի դեռ չկան գործուն վերահսկող լծակներ տետական միջոցներն անցնելու են ձեռքից ձեռք, իսկ հետո անհետանալու են` հասարակությանը թողնելով իր չլուծված խնդիրների հետ: