Ս. թ. մայիսի 5-ից 7-ը ԹԻՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը Ժնևում մասնակցել է ինստիտուցիոնալ և միջկառավարական կառույցների մասնագետների առաջին սեմինարին, որին ներկա էին տարբեր երկրների ինստիտուտների ավելի քան 50 փորձագետներ: Պաշտպանության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի նախաձեռնության շրջանակներում ընթացող սույն սեմինարը կազմակերպել էր Անվտանգության քաղաքականության ժնևյան կենտրոնը Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Մեծ Բրիտանիայի (ԹԻ-ՄԲ) և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության ժնևյան կենտրոնի հետ համատեղ` ՆԱՏՕ-ի և Շվեյցարիայի կառավարության օժանդակությամբ:

Միջոցառումը միտում ուներ նպաստելու լավագույն փորձի փոխանակմանն ու զինված ուժերում կոռուպցիայի պատճառած բացասական երևույթների դեմ պայքարին ուղղված նոր, առաջատար գիտելիքների ու պրակտիկայի կիրառմանը: Սեմինարին մասնակից ինստիտուտների թվում էին զարգացման բանկերը, միջազգային հետազոտական և փորձագիտական կենտրոնները, ռազմական կառույցներն ու կառավարությունները, նպատակ ունենալով ստեղծել բաց, թափանցիկ և հաշվետու պաշտպանության համակարգ` պայքարելով այդ նպատակին սպառնացող կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Այն նաև ՀԿ-ների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ու պաշտպանության մարմինների` երկխոսության ծավալման և ապագա զարգացումների պլանավորման ուղղությամբ ընթացող առաջին փորձերից մեկն էր: