Գլխավոր էջ Նորություններ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կոչը. դիմումների վերջնաժամկետը երկարացվել է
Նորություններ
2015 Հոկ
20

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կոչը. դիմումների վերջնաժամկետը երկարացվել է

Ս.թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որով նախատեսվում է ամբողջությամբ փոխել Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությունը, բացառությամբ երկու հոդվածի:

Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները մշտապես ուղեկցվում են կոպիտ խախտումներով, որոնք ոտնահարում են քաղաքացիների ազատ կամարտահայտման ու հավասար ընտրական իրավունքը և արգելակում ժողովրդի իշխանության լիարժեք իրացումը: Վերջին տարիներին հատկապես ակտիվորեն սկսել է օգտագործվել Հայաստանից բացակայող քաղաքացիների հաշվին՝ մասնակցության թվի և ընտրությունների արդյունքների կեղծման գործիքը:

Հաշվի առնելով սահմանադրության կարևորությունը պետականության կայացման և գոյության հարցում և մեր երկրում առկա ժողովրդի քվեի կեղծման արատավոր պրակտիկան՝ չափազանց կարևոր է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական հանրաքվեի օրինականության նկատմամբ վերահսկողությունը և դրանում քաղաքացիների ուղղակի և զանգվածային ներգրավումը:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը նախատեսում է համախոհ գործընկերների հետ իրականացնել լայնածավալ դիտորդական առաքելություն Հայաստանի ողջ տարածքում՝ կանխելու իրավախախտումները և վերահսկելու հանրաքվեի գործընթացի համապատասխանությունը Հայաստանի օրենսդրությանը և միջազգային չափանիշներին:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր կիսում են այս մտահոգությունը և շահագրգռված են արդար և ազատ ընտրություններով, միանալ մեր դիտորդական առաքելությանը՝ հանդես գալով որպես հավատարմագրված դիտորդ կամ զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցիչ՝ համատեղ ջանքերով կանխարգելելու հանրաքվեի ընթացքի խաթարումը և արդյունքների կեղծումը:

Դիտորդների համար նախապես կկազմակերպվի դասընթաց և կտրվի իրավաբանական խորհրդատվություն: Իրավախախտումները կբողոքարկվեն համապատասխան մարմիններում:

Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են լինել քաղաքացի-դիտորդ, խնդրում ենք մինչև ս.թ. հոկտեմբերի 27-ը ժամը 18:00-ը տեղեկացնել [email protected] էլեկտրոնային փոստով, կամ զանգահարել 094 553069  հեռախոսահամարով:

Թարմացում. դիմումների վերջնաժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի 1-ը:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հասարակական կազմակերպությունների կոալիցիա է, որը ստեղծվել է 2013 թվականի մայիսին: Նախաձեռնության կազմի մեջ են մտնում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Իրավունքի Եվրոպա միավորում, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությունները: