«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Դիտակետում» հաղորդաշարն անդրադարձել է կոռուպցիային և դրա դեմ պայքարին: Հայաստանի կառավարությունը վերջին 15 տարիների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարը հռչակել է որպես իր գործունեության առանցքային ուղղություն: Սակայն ՀՀ նախագահի 2012 թ. մեծ կոռուպցիոներներին գլխից բռնելու հանձնարարականը մինչ օրս կյանքի չի կոչվել: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում չի կարելի միայն բռնելով սահմանփակվել: Այլապես կդառնա քաղաքական դատաստան կամ հաշիվ մաքրելու երևույթ: Պետք է փոխել ամբողջ համակարգը: Ըստ Հոկտանյանի՝ կոռուպցիայի վիճակը Հայաստանում անփոփոխ է՝ մնալով ցածր մակարդակի վրա և 2003-ից լճացման վիճակ է տիրում:

Նախորդ երկու՝ 2003-2007 թ.թ. և 2008-2012 թթ. համապարփակ հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետությունը ցածր է: 2014-ից որոշվել է վերաիմաստավորել կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը և 2015-18 թթ. նոր ռազմավարությամբ նպատակ է դրվել ձևավորել բարեխիղճ հանրային ծառայողների դաս, արդյունավետ, մասնակցային ու թափանցիկ կառավարման համակարգ՝ ընտրելով հակակոռուպցիոն ծրագրերի առաջնահերթ իրականացման 4 հիմնական ոլորտներ՝ կրթություն, առողջապահություն, պետական եկամուտների հավաքագրում, ոստիկանություն քաղաքացիներին ծառայության մասով, քանի որ քաղաքացիները ավելի շատ են շփվում այդ ոլորտների պաշտանյաների հետ:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) համաշխարհային հակակոռուպցիոն շարժման ս.թ. հունիսի 2-ին Բրյուսելում հրապարակած Եվրոպական հարևանության քաղաքականության 5 երկրների Օրինավորության ազգային համակարգի վերաբերյալ «Կոռուպցիայի վիճակը. Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա» վերնագրով զեկույցում դիտարկվել է նաև Հայաստանը: Հայաստանի վերաբերյալ զեկույցում մասնավորապես ասվում է. «Հայաստանում կոռուպցիայի առանձնահատկությունը օլիգարխներն են, որոնք վայելում են համախառն ներքին արդյունքի մոտ 35 տոկոսը կազմող ստվերային տնտեսության պտուղները: Հայաստանի բնակչության 82 տոկոսը համոզված է, որ կոռուպցիան պետական համակարգում խնդիր է, կամ լուրջ խնդիր»:

Հաղորդումը անդրադարձել է նաև ՀՀ դատախազության կայքում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վիճակագրությանը: Հակակոռուպցիոն նոր ռազմավարությամբ նախատեսվում է նաև ընդլայնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունները:

Արդյո՞ք իրականացվող բարեփոխումները իրական փոփոխություններ կբերեն քաղաքացիների կյանքում: Չքավորության, մասսայական արտագաղթի պայմաններում կոռուպցիայի դեմ պայքար չի ստացվի, եթե չկա կոռուպցիայի դեմ պայքարի իրական քաղաքական կամք: