Ս. թ. ապրիլի 8-ին ԹԻՀԿ-ը իր գործընկերների հետ անցկացրեց հասարակական կազմակերպությունների և միավորումների ֆորում «Յո՞ երթաս» խորագրով` նվիրված Հայաստանում ս.թ. մարտի 1-ից ի վեր տիրող իրավիճակին, քաղաքացիական հասարակության առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին: Միջոցառմանը ներկա էին 50 հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկման հիմնական թեմաններն էին. «Մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարումը», «Զանգվածային լրատվամիջոցների վերահսկողության սաստկացումը», «Քաղաքացիական հասարակության գործունեության սահմանափակումները» և «Աշխատանք Ազգային ժողովի հետ»: Քննարկումները ծավալվել են խմբերում` վերոհիշյալ թեմանների շուրջ, որին հետևել է եզրափակիչ ընդհանուր քննարկում-ամփոփումը: