Բեռլին/Բրյուսել, 3 մայիսի, 2006թ.- Եվրամիության քաղաքացիներն արժանի են իմանալու, թե ուր են գնում իրենց վճարած հարկերը: «Թափանցիկության եվրոպական նախաձեռնության» (ԹԵՆ) շրջանակներում ֆինանսական գործունեության թափանցիկության վերաբերյալ այսօր հրապարակված հանձնարարականների լիարժեք կատարումը կօգնի քաղաքացիներին հետևելու, թե որտեղ և ինչպես են ծախսվում իրենց վճարած գումարները: Նախաձեռնությունը, որը գլխավորում է Եվրամիության հանձնաժողովի փոխնախագահ Սիիմ Կալլասը, ձգտում է բարձրացնել հանրային թափանցիկության մակարդակը Եվրամիության կառույցներում:

«Փորձարկվում է բաց կառավարում իրականացնելու Եվրամիության պատրաստակամության անկեղծությունը»,- նշել է «ԹԻ» կազմակերպության գործադիր տնօրեն Դեյվիդ Նուսբաումը:- Առողջ ժողովրդավարության համար տեղեկատվության մատչելիությունը հիմնարար խնդիր է: Դրա վրա է հիմնված իշխանությունների նկատմամբ քաղաքացիների վստահությունը»:

Եվրամիության ֆինանսական հոսքերում հստակության պակասը կարող է քողարկել կատարված սխալներն ու թերի կառավարումը և հնարավորություններ ստեղծել չարաշահումների համար: Եվրամիության կողմից համատեղ կառավարման սխեմաների կիրառմամբ ծախսված 80 միլիարդ եվրո գումարի, որը կազմում է ԵՄ ընդհանուր բյուջեի շուրջ 76 տոկոսը` ներառելով գյուղատնտեսական զարգացման և վերակառուցման օժանդակության ֆոնդերը, վերջնական շահառուների մասին տեղեկատվությունը հիմնականում անհասանելի է մնում հանրությանը: Այդ տեղեկատվությունը բացահայտելու իրավունքը վերապահված է Եվրամիության անդամ պետություններին: Չնայած նրան, որ ֆոնդերի կառավարումն ու հատկացումները իրականացնում են անդամ երկրները, բյուջեի կատարման համար պատասխանատվությունն ի վերջո ընկնում է Եվրահանձնաժողովի վրա:

«Եվրամիության այդ ֆոնդերի բաշխման ու ծախսման հարցերում ավելի մեծ թափանցիկությունը կնշանակի ավելի բարձր պատասխանատվություն, ավելի արդյունավետ կառավարում և ավելի շատ հնարավորություններ քաղաքացիների համար` պարզելու, թե ուր են գնում իրենց վճարած հարկերը»,- համոզված է «ԹԻ»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տարածաշրջանային տնօրեն Միկլոշ Մարշալը:- Եվրամիության անդամ երկրների իշխանությունները պարտավորություն ունեն իրենց քաղաքացիների առջև` ձեռնարկելու կոնկրետ քայլեր այս հանձնարարականներին իրագործման ուղղությամբ, մասնավորապես, անհրաժեշտության դեպքում փոփոխելով տվյալների պաշտպանության մասին գործող օրենքները:»

Պատասխանատվության հարցը

Եվրահանձնաժողովի հանձնարարականները պահանջում են շահառուների պարտադիր բացահայտում, որը կարևոր քայլ է գործող համակարգն ավելի թափանցիկ դարձնելու ուղղությամբ: Այսուհանդերձ, ԹԵՆ-ի վերաբերյալ ներկայումս գործող Կանաչ Գրքում (Green Paper) ներառված չէ Եվրամիության ողջ տարածքն ընդգրկող «սև ցուցակի» համակարգը, ինչն առաջարկված էր ԹԵՆ հանձնաժողովի աշխատակազմի աշխատանքային խմբի նախնական հանձնարարականներով: «Սև ցուցակի» սկզբունքի համաձայն պետական գնումների մրցույթներին մասնակցելու իրավունքից զրկվում են այն ընկերությունները, որոնք նախկինում ներգրավված են եղել կոռուպցիոն գործարքներում: Այն թույլ չի տալիս կոռումպացված ընկերություններին օգուտներ քաղելու Եվրամիության հետ գործարքներ կնքելուց և հանդիսանում է հզոր կանխարգելիչ միջոց անօրինական գործունեության դեմ:

Այսօր անդամ պետությունները շատ քիչ են շահագրգռված հանգամանորեն վերահսկելու Եվրամիության միջոցները, քանի որ վերահսկման հետ կապված ծախսերը հոգում են հենց իրենք` անդամ պետությունները, իսկ դրա քաղաքական օգուտները քաղում է Հանձնաժողովը: Հանձնաժողովն ու Եվրամիության անդամ երկրների կառավարությունները պետք է որոնեն և գտնեն իրար միջև կառավարման լիազորությունների ու պատասխանատվության բաշխման ավելի ռացիոնալ և թափանցիկ ուղիներ»,- գտնում է «ԹԻ»-ի Եվրամիության քաղաքականության հարցերով պատասխանատու Ռունե Ռասմուսսենը:

Եվրամիության ֆոնդերի համատեղ կառավարման մեջ տեղ գտած թերություններն էին հիմնական պատճառը, որ Աուդիտորների եվրոպական դատարանը վերջին տասնմեկ տարիների ընթացքում հրաժարվում էր Եվրամիության հաշիվների վերաբերյալ դրական եզրակացություններ տալուց: Եվրամիության ներսում բարեփոխումների համար մղվող պայքարը շարունակվում է. այդ են վկայում 2007-13թթ. բյուջեի վերաբերյալ բանակցությունները: Չնայած առկա դրական փոփոխություններին` դեռևս առկա է դժկամություն` լուծելու Եվրամիության և անդամ պետությունների միջև կառավարման ու պատասխանատվությունների բաշխման հարցում անհստակության հիմնախնդիրը: