Հաշվետվությունը ներկայացրել է ՀՀ հանքարդյունաբերության ոլորտի շահագրգիռ կողմերի հետ հարցման արդյունքները
2015 թ. լույս է ընծայվել «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի շահագրգիռ կողմերի վերլուծություն» հաշվետվությունը: Այն պատրաստվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի, Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի (ԿԲՀԿՑ) և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից «Կովկասում հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական և սոցիալական հաշվետվողականության խթանում» ծրագրի շրջանակներում Հաց Աշխարհին Զարգացման ծառայության ֆինանսական օժանդակությամբ: Այն ամփոփում է ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում շահագրգիռ կողմերի՝ կենտրոնական, մարզային կառավարման, ՏԻՄ, գիտական հաստատությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների, հանքարդյունաբերական ընկերությունների շրջանում անցկացված հարցման արդյունքները: 2015 թ. մարտ-մայիս ընկած ժամանակահատվածում ԹԻՀԿ-ի պաշտոնական հրավերով շահագրգիռ կողմերին առաջարկվել է մասնակցել վերլուծությանը` լրացնելով ԿԲՀԿՑ-ի կողմից մշակված 25 հարցանոց հարցաթերթը:
Հարցման նպատակն է վեր հանել և ցուցադրել հանքարդյունաբեության ոլորտում շահագրգիռ կողմերի գործունեությունն ու կարողությունները, առանձին հարցերն ու կարիքները, ինչպես նաև Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտին առնչվող խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները: Յուրաքանչյուր շահագրգիռ խմբի պատասխանների հիման վրա կատարվել են մի քանի կարևոր եզրահանգումներ:
Ներքոնշյալ շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրի ներկայացուցիչների համար Հայաստանի հանքարդյուանբերության ոլորտում գլխավոր խնդիրների թվում են՝
Կենտրոնական կառավարման մարմիններ՝ փորձառության, որակավորման, գիտելիքի և ներդրումների պակասը և նպատակային մոնիտորինգի ու մասնագետների վերապատրաստման կարիքը:
Մարզային կառավարման մարմիններ՝ ներդրումների, փորձառության և ենթակառուցվածքների պակասը, չափազանց շատ օրենքների և ենթաօրենսդրական ակտերի առկայությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ օգտակար հանածոների արդյունահանումն ու վերամշակումն ուղեկցվում է մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վնասակար թափոնների ու արտանետումների հսկայական քանակներով:
Տեղական ինքնակառավարական մարմիններ՝ բնապահպանական հարկերի ու վճարների հավաքագրումը, շրջակա միջավայրի պահպանությունը, հատկապես այն պարագայում, երբ պոչերը հոսում են դեպի մոտակա գետերը, որոնց ջուրն օգտագործվում է գյուղատնտեսական տարածքների ոռոգման համար, զանգվածային ծառահատումը, գյուղատնտեսական նշանակության հողերի բռնագրավումը՝ օգտվելով պետական կարիքների համար սեփականության բռնի օտարման իրավունքից, և օդի աղտոտվածությունը:
Գիտական հաստատություններ՝ հանքարդյունաբերական գործունեության և երկրաբանական տվյալների մասին տեղեկատվությունը խիստ գաղտնի է և հաճախ անհասանելի, գիտական հաստատությունների կողմից արվող առաջարկություններն առավելապես մերժվում են և չեն կիրառվում, կառավարությունը հաշվի չի առնում կառավարությունից դուրս գտնվող աղբյուրներից եկող առաջարկությունները, տեղական փորձագետները չեն ներգրավվում հանքարդյունաբերական ընկերությունների կողմից հանքերի հետախուզման, նախագծերի մշակման և այլ աշխատանքներում, իսկ հանքարդյունաբերական ընկերությունները չեն իրականացնում ուսանողական պրակտիկաներ՝ ուղղված գիտելիքների և կարողությունների զարգացմանը:
Տեղական ՀԿ-ներ՝ բնապահպանական և իրավական հարցերի մասին հանրային իրազեկության ցածր մակարդակը, լավ զարգացած քաղաքական մշակույթի ներքո գործող կազմակերպված քաղաքացիական հասարակության բացակայությունը, պետական հաստատությունների կողմից հրապարակվող համապատասխան տեղեկատվության բացակայությունը, պետական մարմինների կողմից վերահսկողության իսպառ բացակայությունը և փորձագետների ներգրավման ցածր մակարդակը:
Հանքարդյունաբերական ընկերություններ՝ բարեփոխել ՀՀ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին օրենքը, մեծացնել կարողությունները շրջակա միջավայրի վրա ազդեցությունն ավելի ճիշտ գնահատելու համար, բարելավել արտոնագրերի տրամադրման գործընթացը, խստացնել աղտոտումների մասին տեղեկացնելու պահանջները, կատարելագործել անվտանգության կանոնակարգերը, և որտեղ անհրաժեշտ է թարմացնել հին կանոնակարգերը տեխնոլոգիական առաջընթացին համաքայլ գնալու համար;
Միջազգային կազմակերպություններ՝ օրենքի վատ կիրարկում, հանքարդյունաբերական ընկերությունների գործունեության մասին տեղեկատվության բացակայություն, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա անդառնալի հետևանքներ, ինտենսիվ հանքարդյունաբերական շրջանների աղքատացում, և կառավարության որոշումը դառնալ «կցորդային» երկիր, որը թույլ է տալիս զարգացած երկրներին շահագործել Հայաստանի բնական պաշարները, հնարավորություն է տալիս վճարել ցածր հարկեր և ստեղծել տարբեր բնապահպանական խնդիրներ:
Շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրի վեր հանած խնդիրների լուծման համար ներկայացվել են առաջարկություններ: Առաջարկությունների, հնարավոր լուծումների և այլ հարցերի վերաբերյալ տես «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի շահագրգիռ կողմերի վերլուծություն» հաշվետվությունը:

