Մարզահամերգային համալիրի վաճառքի իրավական և ֆինանսական կողմերը
Ս.թ. օգոստոսի 19-ին Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել «Մարզահամերգային համալիրի վաճառքի իրավական և ֆինանսական կողմերը» թեմայով քննարկում: Բանախոսներ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գնումների քաղաքականության փորձագետ Արտակ Մանուկյանը և փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, ուսումնասիրելով գնողի ներդրումային ծրագիրը, փորձագիտական կարծիք են արտահայտել գործարքի վերաբերյալ՝ բացահայտելով, որ այն թափանցիկ չէ, փաստաթղթերը հիմնավորված չեն, իսկ սեփականատերը ոչ արդյունավետ է: Հայտնի է, որ oգոստոսի 13-ի հերթական նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը 30 միլիոն ԱՄՆ դոլարով «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին վաճառելու նախագիծը, որով առաջարկվում է նաև հավանություն տալ ներդրումային ծրագրին, ինչի ընդհանուր արժեքը գերազանցում է 100 միլիոն ԱՄՆ դոլարը առաջիկա 4 տարում:
Որոշվել էր ՀՀ պաշտպանության նախարարության մարզահամերգային համալիր ՊՈԱԿ-ին ամրացված և ՀՀ սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնել և օտարել: Բանախոսները բուն մասնավորեցման գործընթացին դրական են վերաբերվում: Ըստ Արտակ Մանուկյանի պաշտպանության նախարարությունը ինքը, և պետությունը ներկա իր կառավարման մոտեցումներով չեն կարող համալիրը կյանքի կոչել և որևէ կերպ գրավիչ և պետբյուջե մուտքեր ապահովող երկարաժամկետ հեռանկարային ուղղություն հանդիսանալ:
Ըստ Արտակ Մանուկյանի՝ մասնավորեցման հիմնական նպատակը արդյունավետ սեփականատերերի խավի կամ սեփականատիրոջ ինստիտուտի զարգացումը պետք է լինի: Որպեսզի արդյունավետ սեփականատեր լինի, գնորդը պետք է ունենա փորձառություն, վստահություն ներշնչի սեփականատիրոջ ծրագրերի հանդեպ և հասարակության համար ընդունելի խաղի կանոններով կարողանա որևէ բիզնես գործառույթ իրականացնել:
Երկրորդ հարցը թափանցիկության բաղադրիչն է: Նման նախագծերը նախ պետք է անցնեն հանրային քննարկումներ, արժանանան հանրության հավանությանը, և ապա նոր այդ գործարքը պետք է վավերացվի կառավարության կողմից` առաջնորդվելով համապատասխան ընթացակարգերով և գնահատման մեթոդաբանությամբ: Երևանի քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը, որը ենթադրվում է, որ պետք է այդ փաստաթղթին կցված լինի, բացակայում է: Հանրային մարմինները, որոնք կոչված են հանրության դերակատարումը մեծացնելու, մասնակցում են ex post` գործարքն իրականացվելուց հետո:
Նախագիծը չի բաժնետիրացվել: Խնդիրներ կան ընթացակարգերի մասերով: Ինչ վերաբերում է ներդրումներին, չկա մի նախադասություն, որն իր էությամբ քննադատելի չլինի: Չկան բավարար հիմնավորումներ ոչ մի հարցում:
Տես Մեդիա կենտրոնի մամուլի հաղորդագրությունը:

