«Գարդիանն» անդրադարձել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին և վարչապետ Հովիկ Աբրահամյանի շռայլ ծախսերին: ԱՄՆ և ԵՄ ֆինանսավորմամբ պետական նոր նախաձեռնությունը խոստում ուներ մաքրել քաղաքականությունը: Սակայն խորհրդի նախագահի ընտրությունը խոր թերահավատություն է ներշնչում, ասում է Մարիաննա Գրիգորյանը: Հայաստանում այդքան գովազդված հակակոռուպցիոն քարոզարշավը վատ մեկնարկ ունեցավ, քանի որ խնդրահարույց է պետական գործիչների, այդ թվում՝ խորհրդի նախագահի՝ վարչապետի ծախսերի ու եկամուտների հարցը:

ԵՄ և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, աշխատանքները սկսել է հուլիսի վերջից: Կառավարության պաշտոնյաներից բացի դրանում պետք է նաև ներգրավվեն ընդդիմության ու քաղաքացիական հասարակության անդամներ, սակայն առայժմ խորհրդում ոչ մի ընդդիմադիր կամ ՀԿ ներկայացուցիչ չի ընդգրկվել՝ դրա արժանահավատության նկատմամբ թերահավատությունից ելնելով:

Թրանսփարենսի Ինթերնեշնլի՝ հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալման 2014 թ. համաթվով Հայաստանը 175 երկրների շարքում զբաղեցնում է 94-րդ տեղը: Թեպետ կառավարությունը վաղուց ի վեր դատապարտում է կոռուպցիան, մեծ չափով չի հետաքննել կամ մեղադրել իրավախախտման մեջ կասկածվող բարձրաստիճան պաշտոնյաների:

Բացելով Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը՝ վարչապետը շեշտել է, որ Հայաստանի իշխանությունները ունեն «կամք և վճռականություն» և նախատեսում են «ձևավորել օրինավոր և բարեխիղճ հանրային ծառայողների մի ամբողջ դաս, որի միջոցով էլ պետք է պայքարեն կոռուպցիայի դեմ»:

Սակայն հակակոռուպցիոն շարժում ղեկավարելու Աբրահամյանի համապատասխանությունը հարցեր է առաջացնում: Վերջերս Civilnet.am կայքը տվյալներ է ներկայացրել կառավարության գնումների մասին՝ անդրադառնալով վարչապետի կատարած մի շարք թանկարժեք մասնավոր թռիչքներին:

Ընդ որում, թռիչքների պայմանագրերը ստորագրվել են այն օրը, երբ վարչապետը հորդորել է պաշտոնյաներին գումար խնայել և զերծ մնալ արտասահմանյան անկարևոր այցերից: Հայաստանն այլևս ազգային ավիաուղի չունի:

Հուլիսի 3-ին կառավարությունը «Ավիաուսումնական Կենտրոն» ՓԲԸ-ին, որ մասնավոր չվերթներ է իրականացնում, 31,448 միլիոն դրամ (մոտ 66,000 դոլար) է փոխանցել վարչապետին Փարիզ հասցնելու ու հետ բերելու համար: Նույն թռիչքի կոմերցիոն ամենաթանկ տոմսը 3,340 դոլար է ըստ տեղական ճանապարհորդական գործակալությունների:

Հունիսին նրա Պրագա այցն արժեցել է 43,000 դոլար, մայիսին ԵՏՄ գագաթաժողովին նասնակցելու համար Ղազախստան թռիչքը հարկատուներին արժեցել է 34,500 դոլար, փետրվարին Մոսկվա թռիչքը՝ 54,000 դոլար, որն ավելի քան 100 անգամ գերազանցում է կոմերցիոն թռիչքի գինը:

Նման թռիչքների գինը խիստ բարձր է մի երկրում, որտեղ 3 միլիոն բնակչության մոտավորապես մեկ երրորդը ապրում է աղքատության մեջ և միջին ամսական աշխատավարձը մոտավորապես 383 դոլար է:

Փորձառու քաղաքական գործիչ Աբրահամյանը, որ շուրջ 20 տարի պաշտոններ է զբաղեցրել՝ լինելով ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար և ՀՀ տարածքային կառավարման նախարար, հրաժարվել է մեկնաբանել իր ծախսերը: Անցյալ տարի նա քննադատության է արժանացել, երբ բացահայտվել է, որ 500 հազար դոլար է հատկացրել իր աշխատասենյակը վերանորոգելու համար՝ առանց հրապարակային մրցույթ հայտարարելու:

Վարչապետի անձնական հարստությունը ևս մանրակրկիտ զննման է արժանացել: Չնայած ՀՀ սահմանադրությունը կառավարության անդամներին արգելում է ձեռնարկատիրական գործունեություն ծավալել, Աբրահամյանը, ըստ լուրերի, մի շարք մասնավոր ընկերություններ է վերահսկում՝ սկսած գազալցակայաններից, վերջացրած խաղատներով ու հազարավոր հեկտար հողերով, որոնք գրանցված են բարեկամների անուններով:

Նրա շռայլ կենսակերպը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ 1in.am կայքը ցուցադրել է վարչապետի նորակառույց տունը:

Աբրահամյանը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, ով ձեռնարկատեր բարեկամներ ունի: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքի անդամները կապված են բազմաթիվ բիզնեսների հետ՝ այդ թվում, Ucom ինտերնետ մատակարարը, մի շարք սնունդ ներմուծող ընկերություններ, Երևանի կենտրոնում խոշոր առևտրային մոլ, Նոր Զովք սուպերմարկետների ցանցը, ինչպես նաև ՀԴՄ-ների ներմուծող:

Այդուհանդերձ, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն արժանացել է արևմտյան դոնորների աջակցությանը: ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին տրամադրել է 16.5 միլիոն դոլոր նախորդ 8 տարիների ընթացքում: Հուլիսին Հայաստանը հայտարարել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն կհատկացնի ևս
750 ,000 դոլար կոռուպցիայի դեմ պայքարի համար:

Եվրամիության պատվիրակությունը 1.5 միլիոն եվրո է տրամադրել 2011-14 թթ. երկու հակակոռուպցիոն ծրագրերի համար և հայտարարել է, որ հատկացնելու է ևս 21 միլիոն եվրո՝ նպաստելու թափանցիկությանը և քաղաքացիական ծառայության բարեփոխմանը:

Տես հոդվածը «Գարդիանում»: