Սպուտնիկ-Արմենիա. Հակակոռուպցիոն վիճակը Հայաստանում կայուն վատ է
Հայաստանում հակակոռուպցիոն վիճակը 2003 թ. ի վեր, ընդհանուր առմամբ, լճացած է: Պատկերավոր ասած վիճակը կայուն վատ է: «Սպուտնիկ-Արմենիա» ռադիոկայանի՝ Գևորգ Մելիքյանի հեղինակած «Ստատուս քվո» հաղորդաշարում նման մեկնաբանություն է արել Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ միաժամանակ հավելելով, որ, բարեբախտաբար, չենք հասել ավելի վատ վիճակի: «Երեք-չորս տարի առաջ Հայաստանն ավելի ցածր տեղ էր զբաղեցնում ըստ ԹԻ Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) դասակարգման աղյուսակի, բայց դա ոչ թե նրանից էր, որ մեզանում վիճակը լավացել է, այլ պարզապես մի շարք երկրներում դրությունն ավելի է վատացել: Մեր դեպքում 2003-2008 թ.թ. ոչ մի առաջընթաց կամ ետընթաց չկար: Այուհետև 2008-2011 թ.թ. արձանագրվել է ետընթաց: Հիմա տեսնում ենք շարունակական աննշան բարելավումը»:
Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ եթե Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ) 2010 թ. հարցման հայաստանյան արդյունքներով առավել կոռումպացվածը կրթության ոլորտն էր ընկալվում, ապա ներկայում այն մի փոքր զիջել է դիրքերը և այժմ հարցման մեջ ընդգրկված հաստատություներից որպես ամենակոռումպացված են ընկալվում դատական համակարգը, պետական պաշտոնյաները/հանրային ծառայողները և առողջապահական հիմնարկությունները:
Ինչ վերաբերում է հասարակական և պետական կառույցների հետ ԹԻՀԿ հարաբերությունների կառուցմանը՝ գործակցությո՞ւն, թե՞անջրպետ հարցին ԹԻՀԿ տնօրենը դժվարացել է միանշանակ պատասխան տալ: «Իհարկե, չկա անջրպետ, խնդիրներ, սահմանափակումներ կան, բայց մյուս կողմից՝ անելիքները դեռևս շատ են, այսինքն՝ մենք ասում ենք, քննադատում, իսկ նրանք, միևնույն է, իրենց գործն են անում»:
Անդրադառնալով հակակոռուպցիոն խորհուրդ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշմանը՝ Հոկտանյանը նշել է. «Ծիծաղելի կլինի կարծել, որ այդ խորհուրդը կկարողանա արմատախիլ անել կոռուպցիան: Խնդրին պետք է ավելի համակարգային նայել: Այս խորհրդի ամբողջ կոնցեպտուալ հիմքը՝ օրինապահ հանրային ծառայողի դասի ձևավորումն է: Բնականաբար, միայն դրանով կոռուպցիան չի նվազի Հայաստանում, և պետք չէ պատրանքներ ունենալ, որ միայն այդ ռազմավարությամբ հարցերը կլուծենք»:

