iLur.am-ը զրուցել է իրավաբան, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի հետ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության, ներկայացված նախագծի բովանդակության և դրա մեջ պարունակվող վտանգների շուրջ: 2013թ. սեպտեմբերին սահմանադրական փոփոխություններ անելու և սահմանադրական հանձնաժողով ձևավորելու մասին միանձնյա որոշումը հասարակության կողմից ընկալվել է որպես գործող կուսակցության համար հնարավորություն՝ ևս մեկ անգամ օրինական, սահմանադրական ճանապարհով երկարաձգելու իր իշխանությունը:

Գործող Սահմանադրության՝ չգործելու պատճառներից է այն, որ Մայր օրենքում ամրագրված նորմերը շարադրված են որպես հռչակագրային նորմեր: Որևէ նորմի խախտումից պաշտպանությունն արդյունավետորեն չի գործում, քանի որ մեզ մոտ կաղում է իրավակիրառ պրակտիկան: Եթե կառավարվումը ոչ դեմոկրատական սկզբունքներով է իրականացվում, կաղավաղվի լավագույն սկզբունքները հռչակող լավագույն Սահմանադրությունը:

Հրապարակված նախագծում առավելագույն ձայներ հավաքած երկու կուսակցությունները գնում են երկրորդ փուլ: Երկրորդ փուլի գաղափարը ի չիք է դարձնում պառլամենտական դեմոկրատիա ստեղծելու մասին խոսքերը. դրանք այլևս ընկալվում են որպես քվեարկություն այնքան ժամանակ, մինչև կապահովվի մեկ կուսակցության գերիշխող դիրքը խորհրդարանում: Այսինքն, այն, ինչ հիմա մենք ունենք, օրինականացվում է սահմանադրական նորմերով, և այդ կուսակցությունը հանգիստ կանցկացնի և՛ իր վարչապետին, և՛ կառավարության անդամներին, և՛ ցանկացած օրենք:

Սահմանադրությամբ ամրագրված երկու անմիջական մանդատի՝ ԱԺ և նախագահի փոխարեն առաջարկվում է մեկը: Ժողովրդի կողմից առաջնային մանդատ ստացած 1 ինստիտուտ թողնելը նշանակում է, որ ժողովուրդը միայն մեկ անգամ իրավունք ունի մասնակցել պետության կառավարմանն ընտրությունների միջոցով՝ ԱԺ ընտրություններում: Նախագահի մանդատն այլևս առաջնային չէ, նա գործադիր իշխանության ձևավորման հարցում մրցակից չէ, և ԱԺ կողմից նշանակվող վարչապետի ինստիտուտն ունենում է թելադրող դիրք:

Եթե այս նախագիծը դառնա Սահմանադրություն, Հայաստանի քաղաքացին ոչինչ չի շահի՝ իր կյանքի որակի փոփոխություն դրանից տեղի չի ունենա:

Տես iLur.am-ի հարցազրույցը: