Եվրոպական քաղաքացիական հասարակությունների նախաձեռնություն Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (EPDE), որն իրականացնում կամ աջակցում է քաղաքացիների կողմից ընտրությունների դիտորդությանը Արևելյան գործընկերության, Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության երկրներում, և որի հայաստանյան անդամներն են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, հանդես է եկել հայտարարությամբ: Դրանում, մասնավորապես, ասվում է.

«Մոսկվա, 7 հուլիսի 2015 թ.: Երեքշաբթի օրը՝ 2015 թ. հուլիսի 7-ի առավոտյան ժամը 6:30-ին իրավապահները խուզարկություն են անցկացրել Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի անդամ «Գոլոս» կազմակերպության փոխտնօրեն Գրիգորի Մելքոնյանցի, ավագ փորձագետ Ռոման Ուդոտի և «Գոլոսի» միջտարածաշրջանային հիմնադրամի տնօրեն Տատյանա Տրոինովայի բնակարաններում: Առգրավվել են փաստաթղթեր և տեխնիկա: Օրվա վերջում խուզարկությունները շարունակվել են «Գոլոս» կազմակերպության Մոսկվայի գրասենյակում: Խուզարկությունը, որն իրականացրել է Ներքին գործերի նախարարության Սամարայի մասնաճյուղը, պաշտոնապես կապված էր «Գոլոսի» հարավռուսական՝ Սամարայի մասնաճյուղի երկարատև դատական հետապնդման հետ:

Դեռևս 2015 թ. փետրվարին «Գոլոսի» Սամարայի մասնաճյուղի ղեկավար Լյուդմիլա Կուզմինայի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանք էր առաջադրվել: Հարկային մարմինները պնդում էին, որ Լյուդմիլա Կուզմինան պետք է վճարած լիներ 2 միլիոն ռուբլի (մոտ 40.000 ԱՄՆ դոլոր) գումարի հարկեր տարածաշրջանային «Գոլոսի» մասնաճյուղին 2010-2012 թ.թ. կատարած նվիրատվության համար: «Գոլոսն» այդ ժամանակ հայտարարել էր, որ այդ պնդումներն անհիմն են և բողոքարկել էր որոշումը: «Գոլոսի» Մոսկվայի մասնաճյուղի փոխտնօրեն Գրիգորի Մելքոնյանցը Մոսկվայի խուզարկումները մեկնաբանում է որպես առաջիկայում՝ 2015 թ. սեպտեմբերին, կայանալիք տեղական ընտրությունների դիտորդության խոչընդոտման փորձ: Նա հայտարարել է թվիթերով. «Չեն ցանկանում, որ մենք դիտորդություն իրականացնենք սեպտեմբերի 13-ին»:

Պլատֆորմի անդամ «Գոլոս» կազմակերպության իրականացրած ընտրությունների դիտորդությունը ընտրողների՝ ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հիմնարար իրավունք է: Եվրախորհրդի և ԵԱՀԿ անդամակցության միջոցով Ռուսաստանի Դաշնությունը հանձնառել է երաշխավորել իր քաղաքացիների այս հիմնարար իրավունքը:

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը վճռականորեն բողոքում է Ռուսաստանի Դաշնությունում դիտորդություն իրականացնող քաղաքացիների նկատմամբ շարունակվող ահաբեկման դեմ, որն ուղեկցվում է բնակարանների խուզարկություններով, մասնավոր սեփականության առգրավմամբ, անպատեհ հարկային մեղադրանքներով և դատական հետապնդմամբ՝ ՀԿ-ների մասին օրենսդրության խտրական կիրառման միջոցով:Մենք կոչ ենք անում ՌԴ-ին հավատարիմ մնալ իրենց սահմանադրական և միջազգային պարտավորություններին և երաշխավորել առաջիկա տեղական ընտրությունների անխոչընդոտ դիտարկումը անկախ քաղաքացիների ընտրությունների դիտորդների միջոցով»: