ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների 2014 թ. Հայաստանի վերաբերյալ զեկույց. կոշտ գնահատական կոռուպցիային
ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների 2014 թ. զեկույցը հրապարակվել է 2015 թ. հունիսի 25-ին: Հայաստանի վերաբերյալ զեկույցի համաձայն տարվա ընթացքում մարդու իրավունքների ամենանշանակալի խնդիրներն էին համակարգային կոռուպցիան և կառավարման համակարգում թափանցիկության բացակայությունը, դատական համակարգի սահմանափակ անկախությունը և իշխանություններին փոխելու քաղաքացիների կարողության սահմանափակումները: Կառավարման ոլորտում թափանցիկության բացակայությունը խոչընդոտ է հանդիսացել, որպեսզի հասարակությունը կարողանա պատասխանատվություն պահանջել պաշտոնյաներից իրենց գործողությունների համար: Գործադիր իշխանության կողմից շարունակել են քաղաքական ճնշումները դատարանների նկատմամբ, որի արդյունքում եղել են քաղաքական շարժառիթներով պայմանավորված որոշ դատական հետապնդումներ ու դատապարտումներ, իսկ Վճռաբեկ դատարանը զգալի վերահսկողություն է ունեցել բոլոր մակարդակների դատավորների որոշումների նկատմամբ: Շարունակել են լինել հաղորդումներ իշխող ՀՀԿ կուսակցության կողմից ընտրակաշառքներ տալու ու վարչական ռեսուրսները լայն ծավալով չարաշահելու մասին՝ ազգային ու տեղական մակարդակներում իրենց ընտրական մեծամասնական դիրքերը պահպանելու նպատակով: (Տես կոռուպցիայի վերաբերյալ մասն ամբողջությամբ:)
Պաշտոնեական կոռուպցիա և կառավարման թափանցիկության բացակայություն
Օրենքով պաշտոնեական կոռուպցիայի համար սահմանված են քրեական պատժամիջոցներ. սակայն կառավարությունն օրենքն արդյունավետորեն չի կիրառել, և շատ պաշտոնյաներ անպատժելիորեն ներգրավված են եղել կոռուպցիոն գործողությունների մեջ: Տարվա ընթացքում եղել են բազմաթիվ հաղորդումներ պետական կոռուպցիայի վերաբերյալ:
Կոռուպցիա. Թեև սահմանադրությամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց արգելվում է պետական պաշտոն զբաղեցնել, սակայն գործարարները շարունակել են տեղեր զբաղեցնել Ազգային ժողովում, իսկ պետական տարբեր պաշտոնյաներ շարունակել են օգտագործել իրենց պաշտոններն ի նպաստ իրենց սեփական գործարար շահերի: Շատ դիտորդների գնահատմամբ կառավարության հետ կապված կամ պետական պաշտոններ զբաղեցնող օլիգարխները տնտեսությունը մենաշնորհային են դարձրել: Կոռուպցիայի հարցերով զբաղվող քաղաքացիական խմբերը նշում էին, որ իշխանությունները շարունակել են անտեսել լրատվական ու այլ հաղորդումները, որոնք առնչվում էին պետական պաշտոնյաների կոռումպացված գործունեությանը, վերաբերմունք, որ խաթարում էր հանրության վստահությունը: Իշխանությունները չեն ունեցել հակակոռուպցիոն օրենսդրությունը կիրառելու կամք:
Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն (CESCR) հուլիսյան զեկույցում մտահոգություն էր հայտնել լայնատարած կոռուպցիայի վերաբերյալ և դրա վերացմանն ուղղված միջոցների սահմանափակ արդյունավետության վերաբերյալ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն նմանատիպ մտահոգություններ էր հայտնել 2012թ.: Կոռուպցիան զգալի ազդեցություն ունի տնտեսական աճի վրա: World Economic Forum-ի 2013-14թթ. գլոբալ մրցունակության զեկույցում կոռուպցիան առանձնացվում էր որպես երկրում տնտեսական գործունեության իրականացման ամենախնդրահարույց գործոն: Եղել են բազմաթիվ հաղորդումներ պետական համակարգային կոռուպցիայի
վերաբերյալ գործունեության այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են՝ քաղաքների պահպանության աշխատանքներ, շինարարություն, հանրային վարչարարություն, դատական համակարգ, պետական գնումներ և աճուրդներ, առողջապահություն, հարկեր, իրավապահ և զինվորական անձնակազմ: Եղել են հաղորդումներ պետական միջոցների յուրացման մասին, կասկածելի բիզնես գործարքներում պետական պաշտոնյաների ներգրավման, կառավարության հետ կապեր ունեցող ընկերություններին հարկային արտոնություններ տալու մասին:
Մարդու իրավունքների հարցերով իրավաբանները շարունակել են մատնանշել օրենքները, որոնք կոռուպցիայի տեղիք են տալիս, այդ թվում` ոստիկանության պայմանավորվածությունը մասնավոր ընկերությունների հետ երթևեկության խախտումների համար տուգանքների գանձման հարցի հետ կապված: Ոստիկանության հետ ունեցած պայմանագրիհամաձայն մի մասնավոր ընկերություն՝ Սիքյուրիթի Դրիմ Լիմիթիդ (ըստ հաղորդումների անորոշ է, թե ով է այդ ընկերության սեփականատերը) արձանագրում էր ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և հավաքագրում տուգանքները, որոնց գումարների կեսը մնում էին այդ ընկերությանը, իսկ մյուս կեսը տրվում էին ոստիկանությանը: Ապրիլի 23-ին խորհրդարանում հանրային քննարկումների ժամանակ ընդդիմադիր պատգամավորներից մեկը հավաստիացրեց, որ երկու տարում ընկերությունն հավաքագրել է 11միլիարդ դրամ (26.9 միլիոն ԱՄՆ դոլար) տուգանք և ունեցել է 5.8 միլիարդ դրամի (14.4 միլիոն ԱՄՆ դոլար) շահույթ: Իրավաբանները պնդում էին, որ ընկերությունն իր հավաքագրած տուգանքների վերաբերյալ չի ապահովել փաստերի ու օրենքի վրա հիմնված համոզիչ հիմնավորումներ: Հունվարի 7-ին կառավարության արտոնմամբ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը ձեռնամուխ եղավ չվճարված տուգանքների հավաքագրմանը՝ առանց դատական ակտի: Ոստիկանության միջնորդությանն ի պատասխան ծառայությունը կարող էր սառեցնել խախտման մեջ ներգրավված փոխադրամիջոցի սեփականատեր հանդիսացող անձանց ու ընկերությունների ֆինանսական հաշիվները՝ առանց պատշաճ ընթացակարգերի կամ դատավեճի: Այս սառեցումների հետևանքով խնդրո առարկա անձինք հայտնվեցին ծավալուն բյուրոկրատական քաշքշուկի մեջ և հաճախ որոշում էին չվիճարկել այս որոշումները և վճարել ոչ մեծ տուգանքները (նույնիսկ եթե հիմնավորված չէին) և ծառայության ծախսերը, քան բախվել իրենց հաշիվների թեկուզև ժամանակավոր անհասանելիության խնդրին:
Իշխանությունները շարունակել են միջոցների յուրացման ու կեղծիքի վերաբերյալ հնչեցված մեղադրանքների քննությունը կապված նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի հետ: Սարգսյանը և Կճոյանը շարունակում էին ժխտել իրենց ներգրավվածությունը: Հունվարի 31-ին Վրաստանում ձերբակալվեց և հունիսի 19-ին Հայաստանին արտահանձնվեց Սուքիասյանը, ով պնդում էր, թե կեղծել է Սարգսյանի և Կճոյանի ստորագրությունները:
Կոռուպցիայի գործերի քննության համար պատասխանատու է ոստիկանությունը, իսկ դրանցով դատական կարգով հետապնդում իրականացնելու համար գլխավոր դատախազությունը: Ըստ լայն տարածում ստացած հաղորդումների՝ այս կառույցներից ոչ մեկն արդյունավետ կամ անկախ չի գործել, և ոչ մեկը չի ունեցել բավարար ռեսուրսներ:
Եկամուտների ու գույքի հայտարարագրում. օրենքով պահանջվում է, որ բոլոր բարձրաստիճան պետական պաշտոնյաները և նրանց ընտանիքի անդամները տարեկան կտրվածքով ներկայացնեն գույքի և եկամուտների հայտարարագրեր: Օրենքի համաձայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հավաքել և դիտարկել է հայտարարագրերի ներկայացումը, սակայն չունի դրանց արժանահավատությունը ստուգելու կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու իրավասություն: Քրեական պատիժ հայտարարագրեր չներկայացնելու կամ դրանցում կեղծ տեղեկություններ ներկայացնելու համար չի եղել:
Տեղեկատվության հասանելիությունը հանրության համար. Թեև օրենքը սահմանում է պաշտոնական տեղեկատվության հանրային հասանելիություն, սակայն որոշ պետական կառույցներ և պաշտոնյաներ չեն կամեցել ապահովել այն: Ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպության և Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ամենամեծ մարտահրավերն այն էր, որ պետական մարմինները, որոնք ինֆորմացիայի ազատության պահանջը բավարարելու տպավորություն էին ստեղծում, այնպիսի պատասխաններ էին տալիս, որոնք կամ տեղին չէին, կամ էլ ամբողջական չէին: Հասարակական կազմակերպությունները դատարաններում իրենց գործերի հետ կապված ավելի քիչ էին հաջողություններ ունենում, քան նախորդ տարիներին, քանի որ դատարանները մերժում էին հայցերն այն հիմնավորմամբ, որ պետական մարմնի կողմից արդեն իսկ տրամադրվել է պատասխան:
Տես զեկույցը ԱՄՆ դեսպանության կայք էջում:

