gcr2006_jpg.jpg Կոռուպցիայի դեմ պայքարի 2006թ. համաշխարհային զեկույցի համաձայն յուրացումները, կաշառակերությունը և դրամաշորթությունը միլիոնավոր մարդկանց զրկում են պատշաճ բուժսպասարկում ստանալու հնարավորությունից

Յուրաքանչյուր տարի կեղծված դեղամիջոցները խլում են հազարավոր մարդկանց կյանքը և նպաստում դեղերի ներգործությանը չենթարկվող հիվանդությունների տարածմանը

2006թ. փետրվարի 1, Բեռլին/Լոնդոն - Կոռուպցիայի դեմ պայքարի 2006թ. համաշխարհային զեկույցում, որը հրապարակվում է այսօր, նշվում է, որ առողջապահության համակարգում առկա կոռուպցիան անհրաժեշտ բժշկական խնամքից զրկում է այդ խնամքի կարիքն առավել սուր զգացող մարդկանց` միաժամանակ նպաստելով դեղերի ներգործությանը չենթարկվող մահացու հիվանդությունների տարածմանը:

Բուժսպասարկման համակարգի` էթիկայից զուրկ աշխատակիցների ձեռքում պատանդ պահվող միլիոնավոր աղքատների համար համակարգում կոռուպցիայի վերացումը կենաց և մահու խնդիր է: «Կոռուպցիան առողջապահության համակարգում փողից էլ թանկ է: Ինչ փողի մասին կարելի է խոսել, երբ վիրահատության ժամանակ սրտի աշխատանքը վերականգնելու համար նախատեսված ադրենալինի փոխարեն ջրի ներարկման պատճառով երեխա է մահանում: Առողջապահության համակարգում առկա կոռուպցիայի գինը վճարվում է մարդկային տառապանքներով»,- ասում է "Թրանսփարենսի Ինթրնեշնլ" (ԹԻ) կազմակերպության նախագահ Հյուգետ Լաբելը:

Առողջապահական քայքայվող համակարգեր

Զեկույցը լույս է սփռում 3 տրիլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ համաշխարհային առողջապահական համակարգի վրա` բացահայտելով կոռուպցիայի ծաղկման համար չափազանց նպաստավոր պայմաններ ունեցող բարդ և ոչ թափանցիկ համակարգերը: Առողջապահության ոլորտում զբաղված մարդկանց մեծամասնության կողմից իրենց պարտականությունների ջանասիրաբար և ազնվորեն կատարման հետ մեկտեղ առկա են նաև կաշառակերության և կեղծիքների փաստեր բժշկական ծառայությունների բոլոր ոլորտներում` մանր յուրացումներից և դրամաշորթությունից մինչև առողջապահական ոլորտում քաղաքականության և համակարգի ֆինանսավորման ձևախեղումները, որոնց հիմքում ընկած են պետական պաշտոնյաներին վճարվող կաշառքները:

Կոռուպցիան ներթափանցում է բոլոր տեսակի բժշկական ծառայություններ` լինեն դրանք պետական թե մասնավոր, հասարակ թե բարդ:

1. Առողջապահության ոլորտին հատկացվող բյուջետային միջոցներն անբարոյական պաշտոնյաների կողմից ծառայեցվում են իրենց անձնական նպատակներին:
2. Հիվանդանոցները գործում են ինչպես ինքնասպասարկման խանութներ` վերածվելով հարստացման բացահայտ աղբյուրի, որտեղ գործում է նյութատեխնիկական ապահովման անհասկանալի համակարգ, իսկ հաստիքների վրա ձևակերպված են "մեռյալ հոգիներ":
3. Առողջապահության աշխատողները պահանջում են վճար անվճար ծառայությունների դիմաց: Բուլղարիայում, ինչպես և Հարավարևելյան Եվրոպայի երկրների մեծ մասում, բժիշկները հաճախ փոքր չափի ոչ օրինական գումարներ կամ նվերներ են ընդունում հիվանդներից բուժման համար: Գումարները տատանվում են 10-ից մինչև 50 ԱՄՆ դոլարի սահմաններում, իսկ երբեմն կարող են հասնել 1100 դոլարի:
4. Ֆիլիպիններում բուժաշխատողների շրջանում կաշառակերության 10% աճը բերեց երեխաների պատվաստման ծավալների 20% անկման:
5. Կամբոջայում առողջապահական որոշ ցուցանիշների անկման պատճառներից մեկը հանդիսացավ առողջապահության ոլորտին հատկացված բյուջետային միջոցների ուղղակի յուրացումը` չնայած առողջապահությանը հատկացվող օգնության ծավալների աճին:
Ի հակադրություն դրա, Մեծ Բրիտանիայում վերահսկողության ավելի խիստ մեխանիզմների կիրառման շնորհիվ կոռուպցիայի պատճառով առաջացող կորուստների ծավալները 1999թ.-ի համեմատ նվազել են 300 մլն. դոլարով:
6. Կոստա Ռիկայում բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով տրամադրված 40 մլն. դոլար ծավալով միջազգային վարկի մոտ 20%-ը ուղղվեց առանձին անձանց գրպանները:
"ԹԻ" գործադիր տնօրեն Դեվիդ Նուսբաումի խոսքերով, "Կոռուպցիան քայքայում է հասարակության վստահությունը բուժաշխատողների նկատմամբ: Մարդիկ իրավունք ունեն ակնկալելու, որ այն դեղերը, որոնցից իրենք կախված են, իսկական են: Նրանք իրավունք ունեն ենթադրելու, որ բժիշկները հիվանդների շահերն ավելի բարձր են դասում, քան սեփական շահույթը: Եվ, ամենակարևորը, նրանք իրավունք ունեն հավատալու, որ առողջապահական համակարգը կոչված է բուժելու, այլ ոչ թե սպանելու":

Շուկայի ձևախեղումներ և կեղծ դեղամիջոցներ

Ագրեսիվ մարկետինգային տեխնոլոգիաների կիրառումը հանգեցնում է բժիշկների կողմից որոշ դեղամիջոցներին նախապատվություն տալուն, ինչի հետևանքով կտրուկ աճում է այնպիսի դեղատոմսերի քանակը, որոնք միշտ չէ, որ հիմնվում են հիվանդի կարիքների վրա: Երբ առանձին, մեծ կիրառում ունեցող դեղամիջոցներ տարեկան տասնյակ միլիարդավոր դոլարների շահույթ են ապահովում դեղագործական ընկերություններին, մարկետինգի և լոբբիստական գործունեության վրա դրանց կողմից ծախսվող ուռճացված միջոցները քիչ գումարներ են թողնում գիտական հետազոտությունների և այնպիսի նոր ու կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցների մշակման համար, որոնք աղքատ երկրներում կփրկեին բազմաթիվ մարդկային կյանքեր:
Կոռուպցիայի շնորհիվ ծաղկում է կեղծ դեղամիջոցների շահութաբեր առևտուրը: Շղթայի յուրաքանչյուր օղակում վճարվող կաշառքները դյուրացնում են կեղծված դեղերի հոսքը դրա արտադրության աղբյուրից ոչինչ չկասկածող սպառողին: Հաշվի առնելով, որ զարգացող երկրներում դեղամիջոցներ գնելու համար կատարվող ծախսերը բնակչության ընդհանուր առողջապահական ծախսերի մեծագույն մասն են կազմում (առողջապահական նպատակներով բնակչության կողմից կատարվող կանխիկ ծախսերի 50-90%), դեղագործական ոլորտում առկա կոռուպցիան ուղղակի և ցավագին ազդեցություն է գործում իրենց կյանքի համար պայքարող մարդկանց վրա:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խոչընդոտում

Կոռուպցիան խոչընդոտում է նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի հաղթահարմանն ուղղված համաշխարհային ջանքերը: Միջազգային պատասխանն աճող ճգնաժամին եղել է կանխարգելման ծրագրերի ֆինանսավորմանը և փրկարար հակառետրովիրուսային դեղերի տարածմանն ուղղված օգնության ծավալների ընդլայնումը: Օգնության ծավալների մեծացումն ինքնին արդյունավետ չի լինի, եթե չսանձահարվի կոռուպցիան: Անհրաժեշտ է մշակել պատասխանատվության այնպիսի մեխանիզմ, որը թույլ կտա կանխել միջոցների արտահոսքը բոլոր օղակներում:

1.Բուժման համար նախատեսված միջոցների յուրացումը նախարարությունների և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային խորհուրդների կողմից հիվանդներին թողնում է առանց բուժման համար կենսական միջոցների: Քենիայի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային խորհրդի միջոցները յուրացվել են մի քանի բարձրաստիճան պետական պաշտոնյաների կողմից` ուղղվելով պետական միջոցների յուրացման նպատակով հատուկ ստեղծված ձևական հանրային հիմնադրամներին:
2. Կոռուպցիան կարող է ուղղակիորեն նպաստել վարակի տարածմանը, երբ, օրինակ, գնումների կամ բաշխման համակարգում ծաղկող կոռուպցիայի հետևանքով անհնար է լինում ապահովել այնպիսի հասարակ և ոչ թանկարժեք միջոցների առկայությունը, ինչպիսիք են մանրէազերծ ներարկիչները կամ դոնորական արյան ստուեգման միջոցները:

"Հազարամյակի զարգացման նպատակների" իրականացման վտանգվելը

Կոռուպցիան խոչընդոտում է ՄԱԿ-ի "Հազարամյակի զարգացման նպատակների"` մասնավորապես առողջապահությանն ուղղակիորեն առնչվող երեք նպատակների իրականացմանը, այն է` մանկական մահացության նվազեցում, մայրական առողջության բարելավում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի և այլ հիվանդությունների դեմ պայքար: Նախանշված նպատակներին հասնելու համար մնում է ընդամենը 9 տարի` համաշխարհային հանրությունն արդեն ետ է ընկնում իր իսկ կողմից սահմանված ժամկետից, և դրա հիմնական պատճառներից մեկը հանդիսանում է կոռուպցիան:

Ըստ Հյուգետ Լաբելի` "Աղքատ ընտանքիները, հատկապես գյուղական բնակավայրերում բնակվողները, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ օգտվել մասնավոր բժշկական ծառայություններից, ստիպված են տանջալից ընտրություն կատարել սննդի և դեղորայքի միջև: Կերակրել երեխայի՞ն, թե՞ բուժել նրա հիվանդությունները: Ոչ մի ծնող չպետք է հայտնվի նման սարսափելի ընտրության առջև":

"Թրանսթարենսի Ինթրնեշնլի" առաջարկները

Առողջապահության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսվի թափանցիկությունից:

1. Դոնոր և շահառու պետությունները պետք է ապահովեն առողջապահական ծրագրերի, դրանց իրականացման նպատակով հատկացվող միջոցների և կիրառվող մեթոդների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը: Հատկացվող միջոցների մասին տեղեկությունները պետք է տեղադրված լինեն Ինտերնետում, իսկ դրանց օգտագործումը պետք է ենթարկվի անկախ ստուգումների:
2. Բուժաշխատողների և մասնավոր հատվածը ներկայացնող ընկերությունների համար անհրաժեշտ է մշակել, ընդունել և կիրառել վարքագծի նորմեր, ինչպես նաև պարբերաբար կազմակերպել հակակոռուպցիոն դասընթացներ:
3. Դեղամիջոցներին առնչվող կանոնակարgերում և բժշկական գործունեության լիցենզավորման ընթացակարգերում անհրաժեշտ է ներառել շահերի բախումը կարգավորող դրույթներ:
4. Հանրային առողջապահության քաղաքականությունը և այդ ոլորտում իրականացվող ծրագրերը պետք է ենթարկվեն անկախ մոնիտորինգի` ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով, իսկ նրանց զեկույցները պետք է հասանելի լինեն հասարակությանը:
5. Գնումների գործընթացները պետք է լինեն մրցակցային, թափանցիկ և համապատասխանեն ԹԻ-ի կողմից սահմանված "Թափանցիկության և պետական գնումների նվազագույն չափանիշներին": Պետք է կիրառվեն շահերի բախումը կարգավորող նորմեր, և պետք է արգելվի կոռուպցիայի մեջ ներքաշված ընկերությունների մասնակցությունը հետագա մրցույթներին: Մրցույթներին մասնակից ընկերությունների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով անհրաժեշտ է սահմանել «Ոչ կաշառքին» պարտավորություններ, ինչպիսին է, օրինակ, ԹԻ-ի "Ազնվության պակտը":
6. Անհրաժեշտ է ամենայն խստությամբ սահմանել, որ կոռուպցիան չպետք է տեղ ունենա առողջապահության համակարգում: Դրան հասնելու համար անհրաժեշտ է ապահովել համապատասխան մարմիններին կոռուպցիոն փաստերի մասին տեղեկություններ հայտնող պետական ծառայողների և կամ մասնավոր հատվածում զբաղված բուժաշխատողների, դեղագործների և կենսատեխնոլոգների պաշտպանությունը:

Կոռուպցիան աշխարհում

Կոռուպցիայի դեմ պայքարի 2006թ. համաշխարհային զեկույցում ներկայացված են նաև զեկույցներ աշխարհի 45 երկրներում կոռուպցիայի և կառավարման հետ կապված իրավիճակի վերաբերյալ` ներառյալ ցունամիի հետևանքների վերացման ընթացքում տեղ գտած ֆինանսական չարաշահումների մասին վկայությունները: Զեկույցի եզրափակիչ բաժնում զետեղված են կոռուպցիայի վերաբերյալ գիտական հոդվածներ:

Մանրամասների համար այցելեք`
Global Corruption Report 2006