ԹԻՀԿ-ը մեկնարկել է կամավորական/փորձնակության երկամսյա ծրագիր
Կարևորելով երիտասարդների դերը կոռուպցիայի դեմ պայքարում` ԹԻՀԿ-ը նոյեմբերի 12-ին մեկնարկել է կամավորական/փորձնակության երկամսյա ծրագիր, որի նպատակն է երիտասարդներին գիտելիքներ և գործիքակազմ տրամադրել հանրային կառավարման ոլորտի, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման վերաբերյալ:
Ծրագրին մասնակցում են Հայաստանի 3 բուհերի` Հայ-ռուսական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Երևանի պետական համալսարանի, ինչպես նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետների 13 ուսանողներ, ովքեր հետաքրքրված են օրենսդրության կատարելագործման, հանրային կառավարման ոլորտներում և կոռուպցիայի դեմ պայքարում իրենց ներդրումն ունենալու մեջ։
Երկամսյա ծրագիրը բաղկացած է երկու փուլից՝
- Առաջին փուլ՝ կարճատև դասախոսություններ/պարապմունքներ, ինչի արդյունքում երիտասարդները կստանան տեսական գիտելիքներ և պրակտիկ հմտություններ հանրային կառավարման, օրենսդրության, իրավական ակտերի նախագծերի մշակման և դրանցում առկա կոռուպցիոն ռիսկերի վեր հանման վերաբերյալ;
- Երկրորդ փուլ՝ պրակտիկ աշխատանքներ, որի ընթացքում երիտասարդները ձեռք բերված գիտելիքները կկիրառեն հանրային կառավարման ոլորտի օրենսդրական դաշտի, իրավական ակտերի նախագծերի և իրավակիրառ պրակտիկայի վերլուծության համար։ Այս փուլը նախատեսված է իրականացնել մենթորի ուղղորդմամբ։