Ընդհանուր տեղեկություններ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000 թ. և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակների թվում են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը:
Ծառայության նպատակը
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում (ինչպես անմիջականորեն, այնպես էլ երկարաժամկետ դիտորդների/համակարգողների միջոցով) և վերլուծություն՝ ըստ մշակված մեթոդաբանության, ինչպես նաև ընտրական գործընթացներում հայտնաբերված խնդիրների և խախտումների վերաբերյալ հաշվետվության, դրանց ռիսկերի նվազեցման ուղղությամբ առաջարկությունների մշակում և ներկայացում շահագրգիռ կողմերին։
Աշխատանքի ծավալը
Վերլուծաբանից ակնկալվում է իրականացնել հետևյալ առաջադրանքները.
- Մշակել մեթոդաբանություն ընտրությունների նախընտրական և հետընտրական գործընթացների դիտարկման վերաբերյալ,
- Մշակել երկարաժամկետ դիտորդների ձեռնարկ,
- Մասնակցել երկարաժամկետ դիտորդների դասընթացներին՝ ներկայացնելով նրանց ընտրական գործընթացների վերաբերյալ տվյալների հավաքագրման մեթոդներն ու գործիքները,
- Դիտարկել և վերլուծել կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ տեղեկությունը,
- Ուսումնասիրել, վերլուծել և ամփոփել երկարաժամկետ դիտորդների կողմից պատրաստվող շաբաթական հաշվետվությունները, բաց տվյալները, ինչպես նաև ընտրական գործընթացներում ներգրավված այլ դերակատարների, այդ թվում ՝ ԶԼՄ-ների, միջազգային կառույցների կողմից հրապարակված տեղեկատվությունը և այլ առնչվող փաստաթղթերը, օրենսդրական դաշտը և իրավակիրառ պրակտիկան,
- Կազմել դիտորդական առաքելության պարբերական վերլուծական ամփոփագրեր ընտրական գործընթացի տարբեր փուլերի վերաբերյալ՝ ներկայացնելով առաջարկություններ դրանցում բացահայտված խնդիրների լուծման և խախտումների ռիսկերի նվազեցման ուղղությամբ,
- Հանդես գալ որպես կազմակերպության փորձագետ շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներում, ինչպես նաև ԶԼՄ-ների հետ փոխհարաբերություններում, ըստ անհրաժեշտության և նախնական պայմանավորվածության:
Ակնկալվող արդյունքները
- Դիտորդների ձեռնարկ և դասընթաց;
- Ընտրությունների տարբեր փուլերի դիտարկման վերաբերյալ ամփոփագրեր։ Վերջնական զեկույց, ներառյալ ընտրական օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկներ:
Պահանջվող որակավորում
- Բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի, քաղաքագիտության, իրավագիտության և/կամ հանրային կառավարման ոլորտներում
- 3-5 տարվա աշխատանքային փորձ ընտրական գործընթացների և/կամ հանրային քաղաքականության ոլորտներում
- Հայաստանի ընտրական գործընթացները կարգավորող օրենսդրական դաշտի և իրավակիրառ պրակտիկայի իմացություն
- Քաղաքական և/կամ ընտրական գործընթացների հետազոտության/ ուսումնասիրության մեթոդաբանության, պլանների և գործիքների, ինչպես նաև զեկույցների մշակման փորձառություն
- Հաղորդակցության և ներկայացման հմտություններ,
- Պետական մարմինների և միջազգային կառույցների հետ աշխատելու փորձառություն /ցանկալի/:
Ժամկետներ
Ծառայության առավելագույն տևողությունը կկազմի 9 ամիս՝ Ծառայությունների մատուցման պայմանագրում նշված մեկնարկի ամսաթվից սկսած:
Տեխնիկական գնահատում
Անհատի/կազմակերպության ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝
- պահանջվող որակավորում և փորձ (40%),
- կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն/կազմակերպությունը կատարել է նմանատիպ առաջադրանքներ (20%),
- ծառայության արժեք (40%):
Դիմելու ընթացակարգը՝
Հետաքրքրված անհատները/կազմակերպությունները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձառությունը
- ինքնակենսագրական/կազմակերպությունների դեպքում՝ պորտֆոլիո, որը կներառի առաջարկվող թիմի անդամների ինքնակենսագրականները
- ծառայության արժեք/բյուջե
- նմանատիպ ուսումնասիրությունների մեթոդաբանության և զեկույցի նմուշ /որն իրականացվել է վերջին 3 տարվա ընթացքում/
- կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն/կազմակերպությունը կատարել է նմանատիպ առաջադրանքներ
- երկու երաշխավորագիր:
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը ուղարկել անգլերենով կամ հայերենով էլեկտրոնային փոստով [email protected] հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Քաղաքականության վերլուծաբանի ծառայություններ» մինչև 2018 թ. սեպտեմբերի 18-ը: