Կազմակերպության ֆինանսական կայունության բարելավման ուղիների և մեխանիզմների մշակման մրցույթի հրավեր
Ընդհանուր տեղեկություններ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000 թ. և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) հակակոռուպցիոն համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցիչը Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է խթանել լավ կառավարման և ժողովրդավարական գործընթացները՝ հանուն պետականության ամրապնդման և կոռուպցիայից զերծ Հայաստանի։
ԹԻՀԿ նպատակներն են կանխարգելել կոռուպցիան, նպաստել իրավունքի գերակայությանը, պաշտպանել հանրային ռեսուրսները հանրային գույքի ու ֆինանսների պատասխանատու կառավարմանը և հանրությանը մատուցվող ծառայությունների արդյունավետությանը, խթանել օրինավորությունը քաղաքականության մեջ ազատ և արդար ընտրությունների կայացմանը, խթանել քաղաքացիական առաջնորդությունը։
ԹԻՀԿ-ն հայտարարում է խորհրդատվական ծառայության մատուցման մրցույթ կազմակերպության ֆինանսական կայունության բարելավման ուղիների և մեխանիզմների մշակման նպատակով։
Ծառայության նկարագրություն
Նպատակը
Ծառայության նպատակն է բարելավել կազմակերպության ֆինանսական կայունությունը՝ զարգացնելով ինքնաֆինանսավորման և եկամուտների բազմազանեցման հնարավորությունները։
Ծառայության շրջանակը
- գնահատել ԹԻՀԿ-ի առկա և հնարավոր ֆինանսավորման աղբյուրները և ծառայությունների մատուցման ներուժը,
- իրականացնել ԹԻՀԿ-ի առկա և պոտենցիալ ծառայությունների շուկայի ուսումնասիրություն (օգտագործելով ծախսարդյունավետ մեթոդներ և մասնակցային մոտեցումներ)՝ պարզելու պահանջարկը, մրցակցային միջավայրը և գնային քաղաքականությունը,
- մշակել ԹԻՀԿ-ի ծառայությունների (այդ թվում՝ վճարովի) պորտֆոլիո՝ ներառյալ յուրաքանչյուր ծառայության նկարագրությունը, թիրախային խմբերը, ինքնարժեքը և գնագոյացման մեխանիզմը,
- պատրաստել մարքեթինգային ռազմավարություն/պլան՝ շուկայում դիրքավորման և առաջխաղացման մեթոդներով,
- ներկայացնել ամփոփ զեկույց՝ ներառելով մշակված գործիքներ և առաջարկություններ հետագա իրագործման համար։
Ակնկալվող արդյունքներ և ժամկետներ
| Արդյունք | Նկարագրություն | Վերջնաժամկետ |
| Նախնական զեկույց | Մեթոդաբանություն, վերլուծություն՝ ԹԻՀԿ ֆինանսական հնարավորությունների, ներքին կարողությունների վերաբերյալ, և շուկայի վերլուծություն, նախնական առաջարկություններ | 30 հունվարի 2026 |
| Ծառայությունների պորտֆոլիո և ֆինանսական մոդելավորում | Վճարովի/անվճար/խառը ծառայությունների ամբողջական պորտֆոլիո, ներառյալ ծառայությունների նկարագրություններ՝ նպատակ, բովանդակություն, հաճախորդներ, ձևաչափ, ինքնարժեքի հաշվարկի մեխանիզմ, գնագոյացման մոդել, ֆինանսական կենսունակության նախնական գնահատում | 28 փետրվարի 2026 |
| Վերջնական զեկույց և մարքեթինգային պլան | Ամփոփ զեկույց՝ մշակված գործիքներով և առաջարկություններով; մարքեթինգային ռազմավարություն | 15 մարտի 2026 |
Պահանջվող որակավորում
Ծառայությունների մատուցման համար կարող են դիմել ինչպես կազմակերպություններ, այնպես էլ անհատներ հետևյալ որակավորումներով՝
- բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, կառավարման, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում,
- առնվազն 5 տարվա փորձ՝ խորհրդատվության, բիզնես զարգացման, սոցիալական ձեռնարկատիրության և/կամ շուկայի վերլուծության ոլորտում,
- հասարակական կազմակերպությունների և սոցիալական ձեռնարկությունների հետ աշխատանքի փորձ,
- վերլուծական, հաղորդակցական հմտություններ և համագործակցման ունակություն։
Տևողություն և վարձատրություն
Խորհրդատվությունը կիրականացվի 2025 թ․ դեկտեմբեր-2026 թ․ մարտ ամիսների ընթացքում։ Վարձատրությունը կհամաձայնեցվի խորհրդատուի հետ՝ ըստ փորձի և ֆինանսական առաջարկի՝ փուլային վճարումներով։
Տեխնիկական գնահատում
Դիմորդ կազմակերպությունների/անհատների ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝
- առաջարկվող նախնական մեթոդաբանություն/մոտեցումներ (30 %),
- առկա որակավորում և փորձ (40 %),
- ծառայության արժեք (30 %)։
Դիմելու ընթացակարգ
Հետաքրքրված կազմակերպությունները/անhատները կարող են ներկայացնել հետևյալ փաստաթղթերի փաթեթը՝
- տեխնիկական առաջարկ՝ ուսումնասիրության նախնական մեթոդաբանության, մոտեցումների և ժամկետների ներառմամբ,
- ֆինանսական առաջարկ՝ խորհրդատվության ընդհանուր արժեքով
- կենսագրական (ններ) (CV)՝ համապատասխան փորձի և հմտությունների նկարագրությամբ,
- նմանատիպ աշխատանքների օրինակներ (եթե առկա են),
- կազմակերպությունների ցանկ, որոնց հետ համագործակցել են նմանատիպ նախագծերում,
- առնվազն երկու երաշխավորող անձի կոնտակտ։
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերն անգլերենով կամ հայերենով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով
«Խորհրդատվության ծառայության մրցույթ», մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ։
Ծրագիրը ֆինանսավորվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության կողմից։
