Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հրավիրում է լրագրողներին՝ ներկայացնելու հետաքննական նյութերի առաջարկներ, որոնք վերաբերում են Երևան քաղաքի կառավարմանը:

Իրականացվող հետաքննությունները պետք է վերաբերեն Երևանի քաղաքապետարանի կամ դրա ենթակայությամբ գործող կառույցների գործունեությանը, մասնավորապես՝ կանաչապատման, տրանսպորտի, աղբահանության, հուշարձանների պահպանության, կառուցապատման, բյուջեի, գնումների, աճուրդների և այլ ոլորտներին։

Հետաքննական նյութերը կարող են լինել տարբեր ձևաչափի՝ հոդվածներ, տեսանյութեր, ինֆոգրաֆիկաներ և այլն։ Խրախուսվում է մուլտիմեդիա նյութերի պատրաստումը։ Լրագրողները կարող են դիմել՝ առաջարկելով մեկից ավել գաղափարներ։

Ծրագիրը նախատեսում է տրամադրել մինչև 3 դրամաշնորհ։ Մեկ ծրագրի ֆինանսավորման սահմանաչափը 500,000 ՀՀ դրամ է, ներառյալ՝ հարկերը։

Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկ կամ ավելի գաղափարներ։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2024 թվականի մայիսի 10-ն է։

Ծրագրերի մեկնարկը 2024 թվականի հունիսի 1-ն է։ Նյութերը պետք է պատրաստ լինեն հրապարակման մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը:

Հայտերի գնահատման չափորոշիչներ

Ներկայացված հայտերը կգնահատվեն փորձագիտական հանձնաժողովի կողմից՝ ըստ հետևյալ չափորոշիչների.

  • առաջարկվող հետաքննություն (50 միավոր)՝ խնդրի ներկայացումը, արդիականության/կարիքի հիմնավորումը,
  • արդյունքների հետագա կիրառելիությունը (40 միավոր), օրինակ՝ հետաքննության բացահայտումների հիմքի վրա իրավակարգավորումների փոփոխություններ առաջարկելու, իրավական գործընթաց նախաձեռնելու, Երևանի գլխավոր պլանի (հատակագծի) մշակման աշխատանքներում օգտագործվելու հնարավորությունը և այլն,
  • ծրագրի բյուջեն և դրա նկարագրականը (10 միավոր)՝ բյուջեի համապատասխանությունը նպատակներին և առաջարկվող ծախսերի իրատեսականությունը։

Ի լրումն նշվածի՝ փորձագիտական հանձնաժողովի կողմից հաշվի է առնվելու ներկայացվող առաջարկի այլ՝ առկա հետաքննական նյութերին չկրկնելու հանգամանքը։

Առաջարկի ներկայացման կարգը

Հայտ ներկայացնող լրագրողները պետք է լրացնեն առցանց դիմումի Ձևաթուղթը, որն իր մեջ ներառում է՝

  • Ծրագրի առաջարկը
  • Բյուջե և բյուջեի նկարագրականը
  • Աշխատանքային պլանը
  • Նյութի հրապարակումը հավաստող գրությունը համապատասխան լրատվամիջոցի խմբագրից (անհրաժեշտ է ներբեռնել ձևաթղթում)։

Խնդրում ենք հարցերն ուղղել գրավոր [email protected] հասցեով` նամակի վերնագրում նշելով «Investigation Grant _Questions» մինչև ս․թ․ մայիսի 1-ը:

Ծրագիրը ֆինանսավորվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի կողմից։